17 11 2023

Միջազգային հանրությունը ձախողել է Արցախի հարցում. սենատոր Էնթընի Պորտանտինո․ Alphanews.am



Alpha News-ը գրում է․ Մենք բոլորս պետք է խոսենք այն ամենի մասին, ինչ արել է Ադրբեջանը Արցախի և արցախահայության հետ: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթընի Պորտանտինոն:

«Բոլորը վշտացած են այն ամենով, ինչ պատահեց Արցախում: Ոչ ոք չի երջանկանում կատարվածով: Ակնհայտ է, որ միջազգային հանրությունը ձախողել է այս հարցում՝ նախ շրջափակման առումով, հետո փախստականների մասով: Դա կոտրում է մեր սրտերը: Պատերազմից հետո չորս անգամ լինելով Արցախում՝ հիացած եմ մարդկանց ցուցաբերած դիմադրությամբ: Մենք բոլորս պետք է քայլ անենք, քննադատենք պոտենցիալ ցեղասպանությունը և թուրք-ադրբեջանական ագրեսիան, շատ բան կա անելու: Մենք բոլորս պետք է բարձրաձայնենք և խոսենք այն ամենի մասին, ինչ արել է Ադրբեջանը և շարունակում է անել»,- ասել է Պորտանտինոն:

Նա ընդգծել է՝ այն ամենը, ինչ արել է Ադրբեջանը, բավարար է, որ ԱՄՆ-ն սկսի պատժամիջոցներ կիրառել:

«Այն ամենը, ինչ արել է Ադրբեջանը, բավարար է, որ ԱՄՆ-ն սկսի պատժամիջոցներ կիրառել: Բայց ոչ միայն ԱՄՆ-ն, այլ ամբողջ միջազգային հանրությունը, մարդու իրավունքներով զբաղվող համայնքը պիտի խոսի խաղաղ բնակչության հայրենիքից տեղահանվելու դեմ: Արցախցիների հանդեպ Ադրբեջանի իրականացրած գործողությունների համար որևէ արդարացում չկա: Շրջափակումն արդեն իսկ հակամարդկային էր, որին միջազգային հանրությունը պատշաճ չարձագանքեց, ինչն էլ հանգեցրեց նոր ագրեսիայի: Եթե չլիներ հայերի ներքին ուժն ու դիմադրությունը, պարզ չէ՝ ինչ կլիներ նրանց հետ»,- նշել է սենատորը:

Պորտանտինոն շեշտել է, որ միջազգային հանրությունը քայլ չի անում ու չի պաշտպանում հայկական հարցն ավելի ուժեղ, քան կարող է:

«Զազրելի է, որ միջազգային հանրությունը քայլ չի անում ու չի պաշտպանում հայկական հարցն ավելի ուժեղ, չի քննադատում ադրբեջանցիներին ու թուրքերին: Թրամփի ադմինիստրացիան աչք էր փակում Էրդողանի ագրեսիվ պահվածքի վրա, դա պարսավանքի է արժանի: Կարծում եմ՝ Բայդենի ադմինիստրացիան պետք է ավելի ուժեղ կանգնի հայերի և Արցախի կողքին: Մենք խոսում ենք աշխարհով մեկ դեմոկրատիան պաշտպանելու մասին, իսկ Հայաստանը դեմոկրատական երկիր է:

Ճիշտ է՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, և մենք այնտեղ ՆԱՏՕ-ի բազա ունենք, բայց դա չի նշանակում, որ մենք չպիտի խոսենք մարդու և քաղաքացիական իրավունքների ոտնահարման, տոտալիտարիզմի, բռնապետության դեմ: Թուրքիան դեմոկրատական երկիր չէ, և երբ նրանք սահմանափակում են լրատվամիջոցներին, մենք պիտի խոսենք այդ ամենի մասին: Նրանք իրենց լավ հարևանի պես չեն պահում՝ սատարելով Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ»,- եզրափակել է սենատորը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ