«Բռնության կոչի» այս հոդվածն իշխանությունն օգտագործում է ընդդիմության դեմ, օրենքն իրականում իրենց չի վերաբերում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրայնը, ով եւս մեղադրվում է իշխանության նկատմամբ «բռնության կոչեր» հնչեցնելու համար:
«ՔՊ-ականները, անձամբ Նիկոլ Փաշինյանը սպառնում են «ականջ, լեզու կտրել», «պառկեցնել ասֆալտին» և այլն, սակայն դա իրավական տեսանկյունից չի որակվում բռնության կոչ, ինչը նշանակում է, որ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը պարզապես որպես հաշվեհարդար է ծառայեցվում՝ ընդդիմադիրների նկատմամբ։
Երբ օրենքն իշխանությանը չի վերաբերում, ընդդիմությանն է վերաբերում, դա օրենք չէ, հաշվեհարդար է։ Դատական պրոցեսն էլ դառնում է դատաստան»,- ասաց Բագրատյանը։
Նա հիշեցրեց, որ ապրիլին ինքը, զգուշացնելով Արցախի հնարավոր կորստյան մասին, բարձրաձայնել էր՝ վերացրեք այս իշխանությանը՝ նկատի ունենալով, որ գործող իշխանությանը պետք է հեռացնել, այլապես հայրենիք կկորցնենք. «Վերացնել բառը բռնություն չէ, օգտագործվել է հեռացնել, դադարեցնել իմաստով։ Եվ ես, ճիշտն ասած, շատ զարմացած եմ։ Ես քաղաքական գործիչ եմ, ելույթ եմ ունեցել, լավ եմ արել։ 6 ամիս հետո կորցրինք Արցախը։ Լավ եմ արել՝ ասել եմ, բա ի՞նչ պիտի անեի։ Բա քաղաքական գործիչ եմ, հայրենիք էր կորում։ Հայրենիք կորավ»,- ընդգծեց քաղաքական գործիչը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը