168.am-ը գրում է․ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որի ընդունումը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։
Նույն օրինագծով նախատեսվում են նաև գումարի դիմաց գործնականում զինվորական ծառայությունից ազատվելու մեխանիզմներ, որոնց հիմքում դրված է «փողին մուննաթ» սկզբունքը․ առաջարկվում է վճարել 2.5 միլիոն դրամ և զինծառայությունը կրճատել մեկ տարով, 5 միլիոնի դիմաց կարելի է ծառայել 6 ամիս, 10 միլիոնով՝ ընդամենը 1 ամիս, իսկ 15 միլիոնի դիմաց ընդհանրապես ազատվել զինծառայությունից։
Մի խոսքով, օրինագիծն ընդունվելու դեպքում, ինչպես գովազդներում է ասվում՝ գործելու է «զեղչերի ճկուն համակարգ»։
Հաշվի առնելով իշխանությունների վերաբերմունքն այս օրինագծի նկատմամբ, այն, ամենայն հավանականությամբ, ընդունվելու է։ Այս փոփոխությունը ներկայացվում է՝ որպես պրոֆեսիոնալ բանակի ստեղծմանն ուղղված քայլ, զինծառայողների սոցիալական վիճակը բարելավելու հնարավորություն, մի խոսքով՝ միայն դրական լույսի ներքո։
Փաշինյան-Ալիև տանդեմ. բարձրաստիճան ո՞ր նախկին ռազմական ղեկավարի կամ գեներալի անազատությունն է բխում նաև ադրբեջանական պահանջներից
Իրականում, սակայն, այս օրինագիծը պարունակում է բազմաթիվ վտանգներ ու թաքնված նպատակադրումներ, որոնց մասին, բնականաբար, չի խոսվում։ Ամենատեսանելի բացասական հետևանքը, իհարկե, բանակն «աղքատների պարտքի միջոց» դարձնելու հեռանկարն է, որովհետև այս փոփոխության արդյունքում հասարակության՝ առանց այդ էլ անցանկալի շերտավորումն ավելի է խորանալու։
Հայրենիքի պաշտպանությունը դառնալու է միայն չունևոր, աղքատ խավի զավակների պարտականությունը։ Շատ ավելի վտանգավոր են այն չբարձրաձայնվող դրդապատճառները, որոնք կարող են ընկած լինել, մեծ հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանի հավանությունը ստացած կամ հենց նրա հանձնարարությամբ հեղինակված այս օրինագծի հիմքում։ Իսկ դրանք արդեն ոչ թե շիշ բռնողի, այլ շիշն օգտագործողի հարթության հարցեր են։
Խնդիրն այն է, որ ընդունվելու դեպքում այս օրինագիծը, մեծ հավանականությամբ, հանգեցնելու է բանակի թվակազմի էական նվազմանը։ Չնայած ծանր սոցիալական պայմաններին, այս պահին հայտարարվող՝ շատերի համար անհասանելի բարձր վճարներին, մեծ թվով ընտանիքներ անելու են հնարավորն ու անհնարը՝ իրենց որդիներին բանակից գումարով ազատելու համար։ Դա պայմանավորված է մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով։
Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմից, այդ ընթացքում իշխանությունների կողմից ստեղծված տոտալ «բարդակի», անկառավարելի վիճակի պատճառով մեր կրած դաժան պարտությունից, հսկայական զոհերից, տարածքային կորուստներից, զոհվածների ծնողների նկատմամբ իշխանությունների կիրառած բռնություններից հետո, բնականորեն, հասարակության՝ արու զավակ ունեցող անդամների զգալի մասը խիստ մտահոգ է իրենց որդիների ապագայով։ Ավելին, զոհվածների ծնողների նկատմամբ Փաշինյանի հրահանգով կարմիր և սև բերետավորների կողմից վերաբերմունքը տեսնելով՝ շատ տղաներ հենց իրենք կխուսափեն ծառայությունից:
Դրան գումարվում է պատերազմի մշտական սպառնալիքը, որը մարդկանց ստիպելու է մտածել ցանկացած գնով գումար հայթայթելու ու այդպիսով իրենց երեխաներին վտանգից ապահովագրելու մասին։ Բացի այդ, վերջին տարիներին իշխանական քարոզչությունը հետևողականորեն հասարակությանը վախեցնում է պատերազմով, ցանկացած զիջողականություն հիմնավորում է դրանից խուսափելու՝ իշխանությունների մարդասիրությամբ։ Այսինքն՝ և՛ օբյեկտիվորեն, և՛ որոշ չափով արհեստականորեն մարդկանց մոտ խիստ սրված է վախը պատերազմից, ինչը մեծացնում է այս օրինագծի շահառուների հնարավոր թիվը։ Դրա արդյունքում մեծ է հայկական զինված ուժերի կրճատման վտանգը։
Այս համապատկերում ամենևին պատահական չի թվում, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը սկսել է հետևողականորեն թերագնահատել անվտանգության ապահովման հարցում զինված ուժերի դերը, ինչը տիրաժավորվում է իշխանական քարոզչության կողմից։ Այսինքն՝ քարոզչական հարթությունում իշխանությունը ստեղծել է փոքր բանակ ունենալու հանրային պահանջ և հիմա տեխնիկապես ցանկանում է իրագործել դա։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ։
Այս հարցի պատասխանը, ըստ ամենայնի, պետք է փնտրել Հայաստանի սահմաններից դուրս։ Ադրբեջանն անընդհատ հայտարարում է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կարող է կնքվել միայն ադրբեջանական պահանջների բավարարման դեպքում։ Որո՞նք են այդ պահանջները՝ որևէ մեկը չգիտի, բացի Նիկոլ Փաշինյանից ու նրա մերձավոր շրջանակից։
Բայց ադրբեջանական փորձագիտական, քարոզչական շրջանակները պարբերաբար ակնարկում են իրենց պահանջների մասին, որոնց թվում խիստ կարևորում են Հայաստանի բանակի թվակազմի կրճատումը։ Ահա այս իրողությունների համադրումն առնվազն ողջամիտ կասկած է հարուցում առ այն, որ ՔՊ–ական պատգամավորի ձեռամբ ներկայացված օրինագիծն իրականում այլ դրդապատճառներ ունի, և դա՝ փաթեթավորված «պրոֆեսիոնալ բանակ ունենալու», «զինծառայողների սոցիալական վիճակը բարելավելու» գեղեցիկ հայտարարություններով, իրականում միտված է բավարարելու Ադրբեջանի հերթական, բայց սկզբունքային պահանջներից մեկը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը