Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը պատմել է, թե ինչպես է սկսվել սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակումն Արցախի դեմ։
Նա ասել է, որ ամեն ինչ սկսվել է, երբ սեպտեմբերի 19-ի առավոտյան Շուշիի մոտ, որտեղ ադրբեջանական ու ռուսական հենակետեր կային, ադրբեջանական հենակետից մոտեցել են ռուսականին և զգուշացել, որ թաքցնեն ռուս խաղաղապահների անձնակազմին, քանի որ շուտով կաշխատի հրետանին։
«Ռուս խաղաղապահների հետ ճշտումներից հետո հաստատվել է այդ փաստը, և ինձ համար պարզ դարձավ, որ որոշ ժամանակ անց հնարավոր է՝ սկսվեն ռազմական գործողություններ»,- ասել է Սամվել Շահրամանյանը։
Ռազմական գործողությունների ժամանակ, Արցախի նախագահի խոսքով, իրենք հասկացել են, որ մենակ են․ մենակ պետք է դիմակայեն ադրբեջանական ագրեսիային։
«Ռազմական գործողությունը սկսելուց հետո՝ ժամեր անց, ես հասկացա, որ մենք մենակ ենք ադրբեջանական այդ ագրեսիայի դեմ։ Ռուսական կողմը գտնվում էր, կարելի է ասել, դիտորդի կարգավիճակում, մենք մեր հարցերը պետք է ինքնուրույն ունակ լինեինք կարգավորել։
Պաշտպանության բանակի, այլ ուժային կառույցների ու նաև մեր բնակչության հետ միասին սկսվել են ռազմական գործողություններին պատասխան գործողությունները։ Հենց այդ գործողությունների շնորհիվ է, որ հնարավոր եղավ ադրբեջանական կողմի հետ սկսել բանակցություններ, որոնք տևել են շուրջ 12 ժամ։
Մեզ համար պարզ էր, որ անհրաժեշտ է կանգնեցնել ռազմական գործողությունները, քանի որ ուժերն անհամեմատելի էին։ Որքան երկար շարունակեինք, այնքան ավելի շատ զոհեր ու կորուստներ կունենայինք, և իմ նպատակը, որպես Արցախի նախագահ, կայանում էր նրանում, որ մենք հնարավորինս արագ կանգնեցնենք ռազմական գործողություններն ու խուսափեինք ավելի շատ զոհերից»,- ասել է Սամվել Շահրամանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը