15 10 2023

Հիմնական դերակատարները շարունակում են խոսել ուժի չկիրառման մասին, բայց դրան որևէ լուրջ գործողություն չի հետևում. պատգամավոր

Հիմնական դերակատարները շարունակում են խոսել ուժի չկիրառման մասին, բայց դրան որևէ լուրջ գործողություն չի հետևում. պատգամավոր

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. 

«ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է «Político» հանդեսում լույս տեսած ու մեծ քննարկումների հանգեցրած` «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին» վերնագրով հրապարակմանը, որով, ըստ էությամբ, ո´չ հերքել է, ո´չ էլ հաստատել այդ կանխատեսման հնչեցման հանգամանքը:

Չնայած այն հանգամանքին, որ պետքարտուղարությունն ուժի կիրառումն անընդունելի է համարում, միևնույն ժամանակ պատմությունը ցույց է տալիս, որ ոչինչ չի արվում պատերազմները կանխելու համար:

ԱՄՆ-ի կարգի պետություններից սպասումը կանխատեսում, իսկ հետո ցավոտ արձանագրումներ լսելը չէ, եթե կոնկրետ հակամարտություններում սկզբունք է հռչակվում ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, ապա դա պետք է բոլոր միջոցներով ապահովել:

Վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանն ու Արցախը ադրբեջանական ագրեսիայի են ենթարկվել` լոկալից մինչև լայնամասշտաբ ռազմական գործողություններ, սակայն հիմնական դերակատարները շարունակում են խոսել ուժի չկիրառման մասին, բայց դրան որևէ լուրջ գործողություն չի հետևում:

Դրան զուգահեռ, Ադրբեջանն իր տարածքային հավակնությունների իրացման հերթական ռաունդի մասին է գուժում և դա բնական է դարձել այն տեսանկյունից, որ մի կողմից նրա առաջ փաշինյանական ռեժիմն է` իր միակողմանի զիջումների օրակարգով, մյուս կողմից, որպես երրորդ կողմ հանդես են գալիս երկրներ, որոնց համար սկզբունքներ ասվածը պահպանվում է, երբ դա նրանց է անհրաժեշտ լինում»։

Հիշեցնենք, որ ըստ հեղինակավոր Politico պարբերականի  հրապարակած արտահոսքի` ԱՄՆ պետքարտուղար Է. Բլինկենը անցյալ շաբաթ մի խումբ կոնգրեսականների հետ հանդիպմանը նշել է, որ ԱՄՆ «տեսնում է հավանականություն, որ առաջիկա շաբաթներին Ադրբեջանը կարող է ներխուժել  Հայաստանի հարավային շրջաններ»: Խոսքը, ըստ պարբերականի, Սյունիքի մասին է: Այնուհետև ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել էր «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված Politico հանդեսում լույս տեսած «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին» վերնագրով հրապարակման հետ, ասել էր. «Միացյալ Նահանգները շարունակում է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ ամենաբարձր մակարդակներում՝ ձգտելով արժանապատիվ և տեւական խաղաղությանը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները: Ուժի կիրառումն անընդունելի է, և ուղիղ երկխոսությունը կարևոր նշանակություն ունի այս երկարատև հակամարտության կարգավորման համար»։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ