05 10 2023

Արցախցին մենակ չէ. Ո՞ր կազմակերպություններն են օգնություն ցուցաբերել այս օրերին

Արցախցին մենակ չէ. Ո՞ր կազմակերպություններն են օգնություն ցուցաբերել այս օրերին

Սեպտեմբերի 24-ից սկսվեց արցախահայերի բռնի տեղահանումը: Մեր հազարավոր հայրենակիցներ, թողնելով իրենց տունն ու հողը, թողնելով ամեն ինչ, հատեցին ՀՀ սահմանը: Այս պահին Արցախից բռնի տեղահանվել է 100 632 արցախցի: Կառավարությունը, փաստացի, լուծել է նրանց միայն շուրջ կեսի կացության հարցը՝ պատճառաբանելով, որ մյուսները հրաժարվել են: Բնականաբար, քչերին է բավարարել կառավարության կեցության ապահովումը, քանի որ, օրինակ, շատերը շարունակում են ապրել մանկապարտեզների սրահներում, բազմաթիվ քաղաքացիներ՝ նույն սենյակում։ Անգամ դրամական միանվագ աջակցությունը, որ պետք է տրամադրվեր, տեղամասային կենտրոնները նշում են, որ ծրագիրը դեռ չեն ստացել, անհատական սոցօգնությունը ևս մասամբ է տրամադրվում։

Այս ընթացքում, սակայն, ականատես եղանք, թե ինչպես պետության ֆունկցիան իրենց վրա վերցրին բազմաթիվ ընկերություններ, գործարարներ և անհատներ, անգամ քաղաքական և հասարակական դեմքեր, կուսակցություններ: Հանրությունը մոբիլիզացնում է ուժերը՝ փորձելով տարրական կենսական և կենցաղային հարցեր լուծել:

Այսպես, ներկայացնում ենք այն ընկերություների ցանկը, որոնք այս օրերին այս կամ այն ձևաչափով փորձում են լուծել մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները: Ցանկը, իհարկե, ամբողջական չէ, անհնար է հավաքագրել ամբողջ տեղեկատվությունը՝ մանավանդ հաշվի առնելով, որ շատերը օգնություն են տրամադրում, առանց հանրայնացնելու։

Նախ, նշենք, որ Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակը և հայաստանյան թեմերը այս օրերին լծված են Արցախից բռնի տեղահանվածների հոգևոր, հումանիտար և սոցիալական կարիքները հոգալու աշխատանքներին: Իրականացվում են մի շարք ծրագրեր, թե ինչ քանակի բռնագաղթածների մասին է խոսքը, հայտնի չէ:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը հայտարարել է, որ 1500 արցախցիների կապահովի կացարանով Տաշիր համայնքում: Տեղեկությունների համաձայն, հիմնադրամը տրամադրում է ոչ միայն բնակարան, նաև՝ սնունդ, հագուստ և կեցության համար անհրաժեշտ այլ պայմաններ, ինչպես նաև՝ ամսական գումար։

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը արցախցիների համար նախատեսված ևս  լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում: Բռնագաղթյալների առաջին իսկ խմբի՝ Հայաստան հասնելուն պես զգալի աշխատանք է կատարել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»:

Մեր հայրենակիցներին աջակցելուն լծված է Հայ օգնության միությունը՝ ամբողջ ծավալով։ ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Մարո Քեշիշյանը Yerevan.Today-ին հայտնեց, որ 27 երկրում հանգանակություններ են կազմակեևպում՝ աջակցության ծրագրերն իրականացնելու համար։ Շուրջ 3 հազար ընտանիք կազմակերպության ծրագրերում են։ Հատկացնում են սնունդ, հագուստ, դեղորայք և այլն, գնահատում ընտանիքների կարիքները և աջակցություն ցուցաբերում։ Ակտիվորեն աշխատում են կառույցի Հայաստանի բոլոր՝ 45 մասնաճյուղերը, որոննք գործում են բոլոր մարզերում։

Աջակցության իրենց ծրագրերն են ներկայացրել նաև կապի բոլոր օպերատորները՝ որոշակի ժամանակով տրամադրելով անվճար հեռախոսակապ և ինտեռնետ կապ։

Արցախից տեղահանված երիտասարդներին կրթաթոշակով դասընթացների հնարավորություն է տալիս «Թումո» կենտրոնը։ «Աստղիկ» ԲԿ-ն աշխատանքի է հրավիրում Արցախից տեղափոխված բուժաշխատողների՝ Տաշիրի մասնաճյուղում աշխատելու համար։ Արցախցի մեր հարենակիցներին աշխատանքի առաջարկներ են արել մի շարք խոշոր ընկերություններ, այդ թվում՝ «Երևան սիթին», «Զովքը», «Դոմուսը», «Արտաշատ-Վինկոնը», Փաստաբանների պալատը, «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը»,«Էլդորադո»-ն, «Արտ լանչը», «Աթենք» ընկերությունը, «Նոր Տուն»-ը, «Բուկինիստ» գրախանութը, ԱԿԳ դեղատների ցանցը, «FAINA» ընկերությունը «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն և բազմաթիվ այլ կազմակերպություններ:

«Կոնգրես» հյուրանոցի տանիքի տակ են, վերջին տվյալներով, մոտ 85 արցախցի: Հյուրանոցը նաև աշխատանքի և վերապատրաստման հնարավորություն է առաջարկել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար:

Ծրագրերից դուրս չեն մնում նաև բանկերը: Օրինակ՝ «Ակբա բանկն»՝ անվճար բանկային քարտեր է առաջարկում Արցախի հայրենակիցներին, IDBank-ը ևս առաջարկներ ունի։

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջոցներով գործող «Արշավիր և Պայծառ Աբրահամյան» բարեգործական ճաշարանը հոկտեմբերի 3-ից ամենօրյա անվճար սնունդ է տրամադրում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին:

«Կարաս» ազգային սննդի ցանցն էլ սեպտեմբերի 27-ից պատրաստակամություն է հայտնել ԱՆՎՃԱՐ սնունդով ապահովել օրական 1000 արցախահայի: 

«ԿԵՆԱՑ ԾԱՌ» հոգեբանական կենտրոնն իր պատրաստակամությունն է հայտնում Արցախից տեղահանված երեխաներին և դեռահասներին մատուցել անվճար հոգեբանական աջակցություն: Նշենք նաև, որ մի շարք իրավաբանական ընկերություններ էլ պատրաստակամություն են հայտնել անվճար ծառայություններ մատուցել մեր հայրենակիցներին:

Any Wish Tour ընկերությունը կազմակերպում է անվճար դասընթացներ տուրիզմի ոլորտում:

Այս օրերին ակտիվ գործունեություն է ծավալում նաև «Մենք ու մունք» քաղաքացիական նախաձեռնությունը, որի շրջանակներում մի շարք ակտիվ հասարական գործիչներ կամավոր հիմունքներով ամեն օրվա կտրվածքով լուծում են հարյուրավոր մեր հայրենակիցների սնունդի, հագուստի, կենցաղայաին տրաբեր պարագաների հարցը:

Նշենք նաև, որ տարբեր կուսակցություններ և քաղաքական նախաձեռնություններ ևս անմասն չեն մնացել այս օրերին: Նրանք իրականացնում են մեր հայրենակիցների սոցիալ-կենցաղային պայմաններով ապահովելու և կազմակերպելու ծրագրեր։

«Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակում Արցախից բռնի տեղահանվածներին օժանդակելու կենտրոն է գործում: «Երիտասարդի Ձայնը» ՀԿ-ն ևս հայտարարել էր օժանդակության ծրագրերի մասին՝ կացության, զբաղվածության, կենցաղային և մի շարք այլ ուղղություններով:

Այս ցանկը, բնականաբար, ամբողջական չէ, բազամթիվ են նաև անհատները, մեր սփյուռքահայ հայրենակիցները, ամեն օր սոցիալական ցանցերում կարելի է հանդիպել այս բովանդակությամբ գրառումներ, մարդիկ փորձում են ինքնակազմակերպվել, մոբիլիզացվել և ձեռք մեկնել ծանր կացության մեջ գտնվող մեր քույրերին և եղբայրներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ