«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթը
«Սիրելի՛ հայրենակիցներ, առանձնապես սիրելի՛ արցախահայեր:
Այսօր առավոտյան բոլորս տեսանք, թե ինչպես էր արջն իր ահից գոռում, ինչպես էր գողն ամենաբարձրը գոռում՝ բռնեք գողին, ինչպես էին քպ-ականները փորձում իրենց վրայից գցել 5 տարվա իրենց դավաճանական, ազգադավ գործունեության արդյունքում Արցախը թշնամուն հանձնելու մեղքը:
Նրանց թվում է, թե չեք հասկանում, որ Արցախի նիկոլ Արայիկ Հարությունյանը փախավ իշխանությունից, որովհետև այլևս ակնհայտ էր Արցախի իշխանության և Արցախի ժողովրդի տարանջատումը, նրանց միջև անջրպետը:
Սա նման է այն բանին, երբ մարդն իր հարազատին տարիներով պահում է ծեծի, սովի, մթի ճիրաններում, հասցնում է անվերականգնելի հյուծվածության և վերջին պահին, զգալով մոտալուտ կորուստը, բացում է զնդանի դուռը և մեղադրում մոտեցած շտապ օգնության բժշկին՝ իր հարազատին կորցնելու մեջ:
Լսե՛ք, դուք ձեր այդ գեղջկական շուստրիությամբ նույնիսկ ձե՛զ չեք հավատացնում, ուր մնաց հանրությանը, հատկապես արցախահայությանը:
Էդ դուք չէի՞ք, որ ասում էիք. հանուն 120000 –ի ռիսկի չենք գնալու, որ փրկենք 3 մլն-ին:
Էդ դուք չէի՞ք, որ ասում էիք Արցախը Ադրբեջան է:
Էդ դուք չէի՞ք, որ հրաժարվեցիք կատարելու Արցախի երաշխավորը լինելու սահմանադրական պահանջը:
Բայց իմացե՛ք, ձեր ականջին օ՛ղ արեք:
Թուրքը մնում է թուրք և նրա ծրագիրը. աշխարհում մեկ հայ թողնել, և այն էլ թանգարանի համար, իրենք չեն մոռացել ու չեն չեղարկել:
Եվ եթե այսպես ջանադրաբար շարունակեք հայրենադավ ձեր վարքագիծը, ապա վաղն իրար դեմ եք պայքարելու, և գիտե՞ք ինչի համար.
Թե ո՞վ է լինելու այդ թանգարանային նմուշը:
Խելքի՛ եկեք, քանի դեռ ուշ չէ:
Ձեր այսօրվա վարքագծով արդեն Հայաստանն եք տանում կործանման, և երբ որ վաղը հասկանանք, թե ինչքան անդառնալի խորն է ձեր իշխանության ու հանրության միջև անդունդը, թողնելու եք, փախչեք ու նորից մեղավորներ կարգեք՝ էժան ու չհիմնավորված, միայն ձեզ խաբող միջոցներով:
Հակադարձելուց առաջ փորձեք հիշել Երևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի օգտին ձայների քանակը, որը ընտրելու իրավունք ունեցողների ընդամենը 9.19%-ն է և դա էլ այսքան վարչական ռեսուրս ունենալու պարագայում՝ պատգամավոր, օգնական, նախարար, փոխնախարար, ձեր սրտի գործարարներ, տասովշիկներ, էլ չեմ ասում քաղաքացիություն չունեցող, հաշվառում ունեցող այլազգիներ:
Խելքի՛ եկեք, Հայաստան աշխարհի համար ձեր բերած ապագան ձեր դռանն էլ է չոքելու:
Բայց, սիրելի՛ հայրենակիցներ, առանձնապես սիրելի՛ արցախահայեր, ինչպես ասաց զոհվածի կալանավորված հայր Արմեն Գալստյանը՝
Մենք երբեք ծնկի չենք գալու:
Այո՛,
Մենք դեռ ուժ ենք գտնելու ու ոտքի ենք կանգնելու:
Մենք դեռ հետ ենք բերելու մեր կորցրածը:
Միայն համառություն, համբերություն և պայքարի ոգի է պետք :
Իսկ դրանք կան՝ հրապարակում կանգնած երիտասարդության պայքարի ոգին վկա:
Իսկ դուք, քպ-ականներ, իմացե՛ք, որ ցեղասպանությանը աջակցելը, լինի լուռ թե խոսելով, երբեք չի մնում անպատասխան:
Ամեն մեկն ի՛ր ժամանակին, ի՛ր չափով ստանալու է ի՛ր արածի պատասխանը:
Համոզվա՛ծ եղեք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը