26 09 2023

ՀՀ տարածքային ամբողջականությանն առնչվող որևէ միջազգային պայմանագիր պետք է վավերացվիհանրաքվեի միջոցով

ՀՀ տարածքային ամբողջականությանն առնչվող որևէ միջազգային պայմանագիր պետք է վավերացվիհանրաքվեի միջոցով

Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն առնչվող ցանկացած միջազգային պայմանագիր ենթակա է վավերացման բացառապես հանրաքվեի միջոցով։

Այս մասին ասված է մի խումբ իրավաբան-գիտնականների տարածած հայտարարության մեջ․

«Ադրբեջանն ամեն գնով ձգտում է ավարտին հասցնել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրագործվող բացահայտ ցեղասպան և միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր սկզբունքների և համամարդկային արժեքների հետ խորը հակասության մեջ գտնվող պետական քաղաքականությունը։

Ադրբեջանի կողմից իրականացվող էթնոցիդի քաղաքականության արդյունքում Արցախում ստեղծված աղետալի վիճակը օրեցօր ավելի է ահագնանում. հազարավոր արցախահայեր կյանքին սպառնացող իրական վտանգի ներքո հարկադրաբար թողնում են իրենց հազարամյա տունն ու հայրենիքը:

Ադրբեջանի հանցավոր իշխանությունը, օգտվելով ձևավորված աշխարհաքաղաքական՝ իր համար բարենպաստ իրավիճակից, աշխարհի գրեթե բոլոր պետությունների լռելյայն համաձայնությամբ կամ հրապարակային աջակցությամբ, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրության հիմնադրույթները, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, արհամարհելով Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, Արցախում հետևողականորեն իրականացնում է էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականություն։

Այս միջազգային նշանակության հանցագործությունն ընթանում է ռասսայական խտրականության, հայատյացության, քսենոֆոբիայի բացահայտ դրսևորումներով, հոգևոր և մշակութային ժառանգության անթաքույց ոչնչացմամբ կամ յուրացմամբ: Հատկանշական է, որ էթնիկ զտման և ցեղասպանության հատկանիշներ պարունակող գործողություններն Ադրբեջանն իրականացնում է Արցախի 10 ամսից ավելի տևող ամբողջական շրջափակման միջոցով, որը ս.թ. սեպտեմբերի 19-ին վերաճեց ռազմական ագրեսիայի՝ ուղեկցելով խաղաղ բնակչության, այդ թվում մանկահասակ երեխաների, ծերերի դաժան սպանություններով, առևանգումներով, խոշտանգումներով և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործություններով:

Ցավոք, միջազգային հանրությունը, առաջնահերթ համարելով ադրբեջանական ծագում ունեցող էներգետիկ աղբյուրների շահը, այս ամենը դիտարկում է իբրև տվյալ երկրի ներքին խնդիր՝ անտեսելով, որ անգամ այդ դեպքում դրանց լուծումները ևս կանոնակարգված են մարդու իրավունքների միջազգային նորմերով։

Միաժամանակ, անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ խաղաղապահ առաքելություն ստանձնած Ռուսաստանի Դաշնությունը տարաբնույթ, հաճախ ոչ ընկալելի և անհիմն պատճառաբանություններով, որոնց թվում հարկ է նշել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համատեքստում «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս համարելու» առնչությամբ Հայաստանի բարձրագույն իշխանության, որևէ իրավական արժեք ու ուժ չունեցող, զուտ քաղաքական հարթության վրա արված հայտարությունը իբրև հիմք ընդունելով, հավուր պատշաճի չի կատարում իր նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախի ժողովրդի առջև ստանձնած առաքելությունը։

Ներկա պահին լրջորեն վտանգված է ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև Հայաստանի Հանրապետության պետական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու բնակչության կյանքի իրավունքը։

Սրա մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանի իշխանության կողմից ընդունված նորմատիվ իրավական փաստաթղթերում արդեն անթաքույց ամրագրված է Հայաստանի Հանրապետության պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ռազմավարական ծրագրերն ու ռազմական պլանավորումները: Նշված իրավական փաստաթղթերում «Հայաստանի Հանրապետություն» եզրույթը փոխարինվել է «Արևմտյան Ադրբեջան» եզրույթով, ինչը սկզբունքային հակասության մեջ է գտնվում ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային-իրավական այլ փաստաթղթերում ամրագրված սկզբունքների և արժեքների հետ:

Խորը տագնապով և անհանգստությամբ արձանագրում ենք նաև այս իրողությունների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների ոչ համարժեք, ազգային և պետական շահերի հետ աղերս չունեցող արձագանքները, ձեռնարկվող անհրաժեշտ քայլերի բացակայությունը, որոնք ոչ միայն չեն նվազեցնում Հայաստանի և Հայ ժողովրդի վրա կախված գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ:

Անվիճելի է, որ ստեղծված վիճակը հետևանք է առաջին հերթին ազգային շահերից չբխող, Հայաստանի իշխանությունների՝ ՀՀ Սահմանադրության և ՀՀ անկախության հռչակագրի հիմնարար սկզունքների և հիմնադրույթների դեմ գործելու քաղաքականության, դիտավորությամբ կամ անհրաժեշտ չափով չհաշվարկված ու չհիմնավորված հայտարարությունների և գործողությունների, ինչի արդյունքում այսօր ՀՀ-ն հայտնվել է միջազգային մեկուսացված վիճակում, զրկվել է որևէ իրական ու գործուն դաշնակիցներից,, մնացել է միայնակ իր դարավոր թշնամիների դեմ:

Բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ նշված իրողությունների համատեքստում` ՀՀ իշխանությունների կողմից աղետալի իրավիճակի առերևույթ բարելավմանն ուղղված քայլերի ակնկալիքը դառնում է վերացական և առարկայազուրկ։

Կարևոր ենք համարում հիշեցնել, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անունից միջազգային պայմանագրեր կնքելու, իրավունքներ և պարտավորություններ ստանձնելու ողջ գործընթացում անհրաժեշտ է խստորեն պահպանել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Սահմանադրությունների և դրանց հիման վրա ընդունված օրենսդրության պահանջների ամբողջական իրացումը:

Այս համատեքստում պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն առնչվող ցանկացած միջազգային պայմանագիր ենթակա է վավերացման բացառապես ՀԱՆՐԱՔՎԵԻ միջոցով, որը պետք է արտահայտի Հայաստանի ողջ ժողովրդի կամքը:

Պահանջում ենք նաև, որ Հայաստանի բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք ձեռնպահ մնան Հայաստանի և Արցախի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված բոլոր տեսակի, այդ թվում՝ Հայաստանի պատմական տարածքները անհարկի ադրբեջանական կամ թուրքական համարելու կեղծ, անհիմն և հակահայկական հայտարարություններից և ձևակերպումներից` թշնամական պետությունների կողմից իրենց ցեղասպան գործողություններն արդարացնելու հնարավորություն չընձեռելու նպատակով:

Առաջնահերթ և հրատապ ենք համարում Արցախի ժողովրդի իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքի ամրագրումն ու դրա ապահովման ու երաշխավորման գործուն մեխանիզմների ներդրման նշանակությունն ու կարևորությունը, ինչպես նաև իրենց հայրենիքը հարկադրաբար լքած Արցախի մեր հայրենակիցների արժանապատիվ կենսագործունեության ապահովումը Մայր Հայաստանում:

Հայաստանի իշխանության ուղիղ պարտավորությունն է ապահովել և երաշխավորել Արցախի և Հայաստանի բնակչության անվտանգությունը, այդ թվում՝ էթնիկ զտումներից, խոշտանգումներից, ցեղասպանության այլ դրսևորումներից պաշտպանվելու, կյանքի իրավունքի, ազատ տեղաշարժի իրավունքի պաշտպանությունը՝ համակարգված և ոչ տարերային քաղաքականությամբ։

Հայաստանի և Արցախի ժողովրդի առջև Արցախի մարտահրավերներին դիմագրավելու հարցում հանրության ներուժը համախմբելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համատեքստում, ՀՀ իշխանություններից պահանջում ենք արմատապես կանխարգելել ներքին ատելություն հրահրելուն հանգեցնող և մարդու սահմանադրական իրավունքների ոտնահարմամբ ուղեկցվող ուժային կառույցների և իրավապահ ու դատական համակարգի ապօրինի գործողությունները, իսկ վերջիններիս հորդորում ենք հավատարիմ մնալ իրավունքի գերակայության, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքներին, բացառել քաղաքական դրդապատճառներով որոշումների կայացումը, ինչպես նաև ազգային և պետական շահին հակասող՝ քաղաքական ընդդիմախոսների հետապնդման գործիք դառնալը: Դա ստորացուցիչ, իրավաբանին և արժանապատիվ Հային ոչ վայել վարքագիծ է, ինչին այսօր ամեն քայլափոխի ականատես ենք լինում Հայաստանի Հանրապետությունում:

Ողջ հայ ժողովրդի համար ստեղծված այս օրհասական վիճակում պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ անհապաղ ձեռնամուխ լինել Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը՝ ապահովելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և իրենց պատմական հայրենիքում անվտանգ ու բարեկեցիկ ապրելու հայ ժողովրդի անքակտելի իրավունքը:

Նշված հիմնավոր պահանջները կատարելու ցանկության բացակայության կամ անկարողության պարագայում առաջարկում ենք դրսևորել անհրաժեշտ կամք և պատասխանատվություն` հանուն Հայաստանի և Արցախի ժողովրդի ապագայի, հրաժարվելու իշխանությունից` բացառելով մեր երկրի համար կործանարար սոցիալ-քաղաքական ցնցումները։

Կոչ ենք անում աշխարհի բոլոր պետություններին, միջազգային բոլոր կազմակերպությունների, գիտակրթական հաստատություններին ու կառույցներին այսուհետ զերծ մնալ ձևական կոչերից ու հորդորներից և իրական ջանքեր գործադրել ճանաչելու իր պատմական տարածքում բնակվող հայ ազգաբնակչության ինքնորոշման իրավունքը և դադարեցնելու Արցախում տեղի ունեցող ողբերգությունը:

 

Գագիկ Ղազինյան         իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Գևորգ Դանիելյան         իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Արա Գաբուզյան            իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վահե Հովհաննիսյան  իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վոլոդյա Հովհաննիսյան             իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վահրամ Ավետիսյան  իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սերգեյ Առաքելյան        իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Նորիկ Այվազյան            իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Տարոն Սիմոնյան           իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վահե Գևորգյան            իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Նարինե Դավթյան        իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ալվարդ Ալեքսանյան    իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Տաթևիկ Դավթյան       իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արսեն Թավադյան        իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արփինե Հովհաննիսյան            իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սիմոն Ֆարմանյան      իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արտակ Ասատրյան      իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արթուր Ղազինյան       իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Քնարիկ Վարդանյան  իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արման Թաթոյան          իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վարդան Այվազյան      իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Հասմիկ Ենգոյան           իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սայադ Բադալյան         իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Օլիմպիա Գեղամյան    իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Տիգրան Խաչիկյան      իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վարդ Եսայան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արսեն Հովհաննիսյան                իրավաբանական գիտությունների թեկնածու

Շուշանիկ Ղուկասյան իրավաբանական գիտությունների թեկնածու

Աշխեն Սողոմոնյան      իրավաբանական գիտությունների թեկնածու

Ռուբինա Պետրոսյան իրավաբանական գիտությունների թեկնածու

Կարեն Հակոբյան          իրավաբանական գիտությունների թեկնածու

Տիգրան Նաղդալյան    իրավաբանական գիտությունների թեկնածու

Ռոզա Աբաջյան              իրավաբանական գիտությունների թեկնածու

Գևորգ Վիրաբյան          իրավաբանական գիտությունների թեկնածու

Աշոտ Պետրոսյան         ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի արհբյուրոյի նախագահ

Գոհար Ավագյան           ասպիրանտ, գիտական խորհրդի անդամ

Դավիթ Թովմասյան     ասպիրանտ, գիտական խորհրդի անդամ

Էլիդա Գրիգորյան         ուսանող, գիտական խորհրդի անդամ

Մանե Խաչատրյան      ուսանող, գիտական խորհրդի անդամ

Մարիամ Նիկոյան         ուսանող, գիտական խորհրդի անդամ

Մարիա Հովհաննիսյան             ուսանող, գիտական խորհրդի անդամ

Լիաննա Սերոպյան      ուսանող, գիտական խորհրդի անդամ

Թամարա Ղազարյան  ուսանող, գիտական խորհրդի անդամ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ