Երեկվա մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի կողմից ՀՀ-ԱՄՆ զորավարժություններին առնչվող հարցի վերաբերյալ ՌԴ արտգործնախարարը տվեց բավականին ծավալուն պատասխան, առնչվելով նաև այլ թեմաների, որոնք լրագրողի հարցից ուղղակիորեն չէին բխում (օրինակ՝ ՀԱՊԿ-ի հետ կապված զարգացումներ և այլն)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
Նա նաև նշել է. «Ս․Լավրորվը անդրադարձ կատարեց նաև Հայաստանից վերջերս Ռուսաստանի հանդեպ հնչող մեղադրանքներին, մասնավորապես․ «․․․ Նախքան մեզ ինչ որ բանում մեղադրելը, անհրաժեշտ է սեփական գործողությունները գնահատել։ Այնտեղ ինչ որ գործիչ, կարծեմ պառլամենտի ղեկավարը, թույլ է տվել իրեն արտահայտվել այն կապակցությամբ, թե իբր Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը Ադրբեջանին․․․ երբ Պուտինը, Ալիևն ու Փաշինյանը 2020թ․ նոյեմբերի 10-ին ստորագրեցին առաջին եռակողմ համաձայնությունը։ Սա բացարձակ չի համապատասխանում իրականությանը, այնտեղ որևէ բան նշված չէ Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Ստորագրման պահին բոլոր երեք առաջնորդները ելնում էին այն դիրքորոշումից, ըստ որի այդ կարգավիճակի վերաբերյալ դեռ սպասվում են բանակցություններ ապագայում»։
Ամենևին կարևոր չէ, թե արդյոք ՀՀ ԱԺ նախագահը ուղղակիորեն կամ անուղղակիորեն նման տեսակետ արտահայտել է, թե ոչ (թեև այսօր կարծես ԱԺ-ից հերքման տեքստ հրապարակեցին)։ Ս․ Լավրովի այս հայտարարությունն ուշագրավ է նրա կողմից Արցախի կարգավիճակի քննարկումը նոր «մեկնարկային» կետի բերելու ակնհայտ մտադրությամբ («․․․Ստորագրման պահին բոլոր երեք առաջնորդները ելնում էին այն դիրքորոշումից, ըստ որի այդ կարգավիճակի վերաբերյալ դեռ սպասվում են բանակցություններ ապագայում»)»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը