03 09 2023

Դավաճանությանը գումարում ենք տգիտություն ու եսասիրություն, ստանում ենք Նիկոլ Փաշինյան․ Անդրանիկ Թևանյան

Դավաճանությանը գումարում ենք տգիտություն ու եսասիրություն, ստանում ենք Նիկոլ Փաշինյան․ Անդրանիկ Թևանյան

 

«Մայր Հայաստան» դաշինքի անդամները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, իրենց քաղաքական օրակարգը ներկայացրել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներին։

«Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել օտարերկրյա լրատվամիջոցին ու ասել՝ Ադրբեջանն արցախահայերին անվտանգության որևէ երաշխիք չի տալիս, բայց մենք ամեն դեպքում Արցախը ճանաչել ենք Ադրբեջանի կազմում։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական տգիտության արձանագրում, եթե ոչ դավաճանություն, որովհետև ՀՀ Սահմանադրությունն արգելում է Նիկոլ Փաշինյանին նման որոշում կայացնելու»,- շենգավիթցիներին ասել է Անդրանիկ Թևանյանը։

Նա վստահեցրել է, որ Դաշինքն ընտրություններին մասնակցում է, որ վերջ դնի, իր ձևակերպմամբ՝ ոչ լեգիտիմ և հանցագործ իշխանությանը։ Նիկոլ Փաշինյանը խաբել է բոլոր հարցերում, նշել է Անդրանիկ Թևանյանը, արագաչափերից սկսած, վերջացրած հոսանքի, գազի, ջրի սակագներով, բայց նրա գլխավոր խաբեությունը կապված է մեր երկրի անվտանգության հետ․ Փաշինյանը հարցականի տակ է դրել Հայաստանի Հանրապետության գոյությունը։

«Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ անգամ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով՝ չի կարողանում ապահովել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը։ Նիկոլ Փաշինյանը Ալիևից է կադաստրի թուղթ ուզում»,-նկատել է դաշինքի առաջնորդը։

«Պրահայում հենց Փաշինյանն է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում,- նշել է Անդրանիկ Թևանյանը,- դրանով իսկ ապահովելով Արցախի պաշարումը»։ Նրա համոզմամբ, միայն Հայաստանի դեմքը փոխելով է հնարավոր բացել Հայաստանի ու Արցախի ճանապարհը։ Իշխանափոխությունը, նրա համոզմամբ, Հայաստանի ու Արցախի անվտանգության գլխավոր երաշխիքն է։ Մինչդեռ ընտրակեղծիքներն արդեն պատրաստվում են և դրա դեմն առնելու գլխավոր միջոցը քաղաքացիների ակտիվ մասնակցությունն է ընտրություններին, որպեսզի չկարողանան մարդկանց քվեն կեղծել։

«Մենք ձեզ կոչ ենք անում միանալ, որ փոխենք այս խայտառակությունը, այս ստի ու կեղծիքի իշխանությունը»,- հայտարարել է Անդրանիկ Թևանյանը։

Նա փաստել է, որ մեր ռազմավարական դաշնակիցները չեն վստահում Հայաստանի օտարածին իշխանությանը, այդ պատճառով Հայաստանը մենակ է մնացել։ Միայն իշխանափոխության դեպքում կարելի է վերացնել ՀՀ անվտանգության սպառնալիքները։ Անդրանիկ Թևանյանը պատկերավոր բացատրել է․ «Դավաճանությանը գումարում ենք տգիտությունն ու եսասիրությունը՝ ստանում ենք Նիկոլ Փաշինյան։ Հետևաբար, պետք է Նիկոլին հեռացնել, որ Երևանը Էրիվան չդառնա»։

Քարոզարշավը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ