25 08 2023

Այսօր Հայաստանը վտանգված է նաև սեփական սահմաններին. Մակրոն

Այսօր Հայաստանը վտանգված է նաև սեփական սահմաններին. Մակրոն

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում խոսել է Արցախի (Լեռնային Ղարաբաղ) շրջափակման մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Լեռնային Ղարաբաղի հարցում նա ընդգծել է Ֆրանսիայի դերը, որը ճնշում է գործադրում մարդասիրական հասանելիությունը երաշխավորելու համար։

Ստորև ներկայացված է հարցազրույցից մի հատված․

- Դուք խոսեցիք ավելի լայն Եվրոպայի մասին՝ ընդհուպ մինչև Կովկաս… 2020 թվականին դուք հայտարարում էիք, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերանվաճումն անթույլատրելի է։ Ութ ամիս է, ինչ Ադրբեջանը շրջափակում է իրականացնում այս տարածաշրջանի նկատմամբ։ ՄՔԴ-ի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն շրջափակումը որակում է որպես ցեղասպանություն սովի միջոցով: Իսկ Դուք ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այս ուղղությամբ։

- Մեր դիվանագիտությունը պարզ է, բայց այժմ դիվանագիտության ժամանակը չէ։ Ես ցավում եմ և դատապարտում եմ այդ շրջափակումը։ Մենք միշտ ասել ենք, որ կանգնած ենք ժողովուրդների ինքնիշխանության կողքին։ Լեռնային Ղարաբաղի հարցը բարդ է։ Այս հարցում ես չեմ կարող կրկնել արտահայտված ամենակոշտ դիրքորոշումները: Ֆրանսիան հստակորեն դատապարտել է 2020 թվականի պատերազմը և կազմակերպել բազմաթիվ մարդասիրական գործողություններ։ Այսօր մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվի մի համաձայնություն, որը թույլ կտա տևական խաղաղություն հաստատում և ժողովուրդների ու մշակույթների պաշտպանություն: Այս խաղաղության պայմանագիրն անհրաժեշտություն է, բայց այն պետք է համապատասխանի միջազգային իրավունքին։

- Չնայած նրան, որ միջազգային փորձագետները փաստում են ցեղասպանական գործընթացի առկայությունը․․․

- Ես ձեռնպահ կմնայի այդքան արագ այդ ձևակերպումն օգտագործելուց։ Մենք գործ ունենք անընդունելի հումանիտար իրավիճակի հետ, հատկապես՝ Լաչինի միջանցքի շուրջ։ Ֆրանսիայի դերը հումանիտար հասանելիության նպատակով գործադրվող ճնշումը պահպանելն է, և մենք մեր առավելագույն ջանքերն ենք գործադրում այդ ուղղությամբ։ Մասնավորապես՝ մենք շարունակում ենք նախաձեռնություններով հանդես գալ, որպեսզի սննդամթերք և դեղորայք հասցվի Լեռնային Ղարաբաղ, և ազատ մուտքն այնտեղ  պահպանվի։ Բացի այդ, այսօր Հայաստանը վտանգված է նաև սեփական սահմաններին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ