Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, ով Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին զեկուցելու հանձնարարականի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ կողմից հրատապ և գործուն քայլերի հրամայականը՝ վերահաս հումանիտար աղետը և դրա անդառնալի հետևանքները կանխելու նպատակով:
Նախարար Միրզոյանը վերահաստատել է նաև ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը միջազգային գործուն մեխանիզմների ներքո:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը