16 08 2023

Խիստ կարևոր է, որ ԿԽՄԿ-ի կողմից մարդասիրական օգնությունը որևէ հնարավոր ուղիով վերսկսի. Էդեմ Վոսորնու

Խիստ կարևոր է, որ ԿԽՄԿ-ի կողմից մարդասիրական օգնությունը որևէ հնարավոր ուղիով վերսկսի. Էդեմ Վոսորնու

Մեկնարկեց Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստը։

ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի գործառնությունների և շահերի պաշտպանության տնօրեն Էդեմ Վոսորնուն հայտարարեց, որ գրասենյակն այս պահին հնարավորություն չունի անկախ կերպով ստուգելու  մարդկանց տեղաշարժը տարբեր ուղղություններով, այդ թվում նաև Լաչինի միջանցքով, հնարավորություն չունեն  տեղեկանալ բնակչության վիճակին այն այն բնակավայրերում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղսպահները։

Նա նշեց, որ ստացված տեղեկությունների համաձայն, Լեռնային Ղարաբաղում առկա է պարենի, դեղորայքի անբավարարություն, չկա գազամատակարարում, էլեկտրաէներգիայի մատակարարում, որն անհրաժեշտ  է կարևորագույն ենթակառուցվածքների աշխատանքի համար։ Տեղյակ են նաև կարևոր առողջապահական ծառայությունների դադարեցման մասին։

«Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը կանոնավոր կապի մեջ է ԿԽՄԿ-ի հետ, որը միակ միջազգային կազմակերպությունն է, որը կարողանում է  մուտք գործել այդ տարածք։ Հուլիսի 25-ին հայտնած տեղեկությունների համաձայն, չեն կարողացել Լաչինի միջանցքով, ինչպես նաև այլ ճանապարհով, այդ թվում Աղդամի ճանապարհով մարդասիրական օգնություն տեղափոխել ու հասցնել բնակչությանը։ ԿԽՄԿ-ն չի կարողացել բժշկական պարագաներ հասցնել տարածք հուլիսի 7-ից, պարեն՝ հուլիսի 15-ից»,-նշեց նա։

ՄԱԿ ներկայացուցիչն ընդգծեց, որ մարդասիրական իրավունքը շատ հստակ է՝ կողմերը պարտավոր են թույլ տալ ու ապահովել մարդասիրական օգնության արագ ու անխոչընդոտ անցումը բոլոր այն քաղաքացիական անձանց համար, որոնք դրա կարիքն ունեն։

«Կարևորն այն  է, որ անցումը լինի հնարավորինս արագ այս հանգամանքներում։ Ուստի խիստ կարևոր է, որ ԿԽՄԿ-ի կողմից մարդասիրական օգնությունը որևէ հնարավոր ուղիով վերսկսի»,-ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ