15 08 2023

Դիտորդները «տուն-տունի՞կ» են խաղում․ Հայաստանում ԵՄ առաքելությունը ջնջել է ՊՆ-ին հերքող գրառումը



Հայաստանում Եվրոմիության դիտորդական առաքելությունը քիչ առաջ հաղորագրություն էր տարածել, որով հերքում էր իրենց ուղղությամբ ադրբեջանական կրակոցների մասին հայկական կողմի հաղորդագրությունը։

ԵՄ առաքելությունը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ իրենք պարեկություն ենք անում հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններում և զեկուցում են Բրյուսել ռազմական զարգացումների, այդ թվում՝ իրենց պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին։

Այնուհետև համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ Վերին Շորժայի դիրքերում գտնվող  ԵՄ դիտորդը պատմում է՝ ինչպես են ադրբեջանական դիրքերից կրակ բացել իրենց և իրենց ավտոմեքենայի ուղղությամբ։

Այնուհետև ԵՄ առաքելությունը հեռացրեց միկրոբլոգից գրառումը։ Մեկ այլ գրառում տեղադրվեց, ըստ որի՝ ադրբեջանցիները, այնուամենայնիվ, կրակել են։

Հիշեցնենք, որ Հայաստանի ՊՆ-ն տարածել էր հետևյալ հաղորդագրությունը․ «Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ:
Տուժածներ չկան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ