7or.am-ը գրում է․
Շատերը գիտեն «Բերմուդյան եռանկյունու» մասին, որ համարվում է անոմալ երևույթների գոտի: Երևի դեռ կան ինչ-որ մարդիկ, որ գլուխ են կոտրում այդ «եռանկյունու» գաղտնիքների վրա: Բայց այս ընթացքում ու մեր օրերում Հայաստանում ձևավորել է ոչ պակաս անոմալ երևույթների գոտի, որը պայմանականորեն կարելի է անվանել «Կոռնիձորյան եռանկյունի»: Այստեղով է անցնում Արցախի «կյանքի ճանապարհը», իսկ եթե ոչ փոխաբերական իմաստով՝ Հայաստանի Հանրապետությունը Արցախին կապող Բերձորի միջանցքի ճանապարհը:
Այն ճանապարհը, որն Ադրբեջանն արգելափակել է, և դա արել է այն բանի հետևանքով, որ Նիկոլ Փաշինյանը 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Ալիևի ու Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հրաժարվել է Արցախից և Արցախի հայության անվտանգության երաշխավորը լինելուց, ապա արդեն պաշտոնապես հայտարարել է իր ուրացման մասին, Արցախը հռչակել է ադրբեջանական տարածք: Դրանից ոգևորված Ալիևը ոչ թե պարզապես փակել է դեպի Արցախ տանող ճանապարհը, այլև ամենաիսկական պաշարման օղակի մեջ է առել՝ հայությանը մատնելով դանդաղ մահվան, ըստ էության իրականացնելով ցեղասպանություն:
Կոռնիձորն այս համատեքստում դարձել է «անոմալ եռանկյունի»: Արցախցիներին ատող Նիկոլ Փաշինյանը, ձևացնելու համար, թե ինչ-որ բան է անում, 19 խոշոր բեռնատարների ավտոշարասյուն է «գործուղել», իբր՝ տեսեք-տեսեք, պարեն ու դեղորայք են տանում, որ հասցնեն Արցախ: Ի դեպ, դրանք այն նույն բեռնատարներն են, որոնցով Նիկոլ Փաշինյանը կայծակնային արագությամբ մարդասիրական օգնություն ուղարկեց երկրաշարժից տուժած իր եղբայրական Թուրքիային ու իր սիրելի թուրքերին, նկատենք՝ Մարգարայի սահմանային անցակետով:
Իսկ այս դեպքում բեռնատարներն ուղարկեց Արցախ, անմիջապես իր այն ասուլիսից հետո, որտեղ բացահայտորեն մաղձ էր արտաշնչում Արցախի ու արցախցիների վրա: Եվ այդ «ֆուռ-շոուն» նա արել է՝ հրաշալի իմանալով, որ ադրբեջանական կողմը ճանապարհը չի բացելու, որ այդ ավտոշարասյունը Արցախ մտցնելու ոչ պայմանավորվածություն ունի որևէ մեկի հետ, ոչ էլ ինքն այնքան կամք կամ վճռականություն ունի, որ ուժով դա անի: Մեծ հաշվով, ինքն էլ է հրաշալի հասկանում, որ դա առաջին հերթին ի՛նքն է փակել Արցախի ճանապարհը: Դրա համար էլ ինտենսիվ ռուսական խաղաղապահների վրա է մուննաթ գալիս, «միջազգային հանրությանն» է ինչ-որ կոչեր հղում:
Բայց միայն ավտոշարասյունը չէ, որին ի դեպ, մի բեռնատար էլ միացավ այս օրերին՝ ֆրանսիական համայնքների կողմից ուղարկված մարդասիրական օգնության բեռով:
Այս օրերին, գիտեք, մի խումբ մարդիկ, որ ներկայանում են որպես ազատամարտի մասնակիցներ, նախ Հանրապետության հրապարակում հավաք արեցին՝ պահանջելով, որ իրենց զենք տան, որ գնան ու փակ ճանապարհը բացեն, ինչն ավարտվեց ոստիկանության հետ բախումներով, ապա հայտարարեցին, որ մեկնում են Կոռնիձոր, ապա այնտեղից էլ հայտարարեցին, որ ոստիկանությունը չի թողնում առաջ շարժվել, ի վերջո լուր տարածվեց, թե նրանք դիրքավորվել են Կոռնիձորի մոտակայքում՝ դիրքերից հեռու: Մի խոսքով, հերթական «եռանկյունային» անոմալ երևույթը:
«Կոռնիձորյան եռանկյունում» մի տեսակ անհետացան Եվրամիության դիտորդները, եվրոպական երկրների դեսպանները, և մի կին՝ ատամնատեխնիկ, կներեք, և մի «հատուկ հանձնարարություններով» Նիկոլ Փաշինյանի դեսպան:
Եվ այս ամենն այն պարագայում, երբ ակնհայտ է, որ Արցախի «կյանքի ճանապարհի» բանալին ամենևին էլ Կոռնիձորում չէ: Այդ «բանալին» Երևանում է, Հանրապետության հրապարակում է՝ կառավարության թիվ 1 մասնաշենքում: Պարզ ասած, եթե կան մարդիկ, հայրենակիցներ, որոնք իսկապես ուզում են, որ Արցախի հետ կապը վերականգնվի և ճանապարհն էլ բացվի, պետք է առաջին հերթին իշխանությունից հեռացնեն Նիկոլ Փաշինյանին, վերջ տան նրա ու ՔՊ-ի իշխանությանը:
Ձախավերները, գլխակեր-մահաբերները, թուրքի շահ սպասարկողները, Արցախն ադրբեջանական ճանաչողները պետք է հեռացվեն իշխանությունից ու ներկայացվեն հայ ժողովրդի դատին: Պետք է ձևավորվի Ազգային փրկության կոմիտե (կառավարություն): Միայն այդ դեպքում է հնարավոր ապահովել բավարար նախադրյալներ, որպեսզի բացվի Արցախի ճանապարհը: Ժամանակ, նկատենք, համարյա չի մնացել: Արցախի մեր հայրենակիցները հերոսական ու պինդ տեսակ են, բայց նույնիսկ նրանք չեն կարող անվերջ դիմանալ քաղցի, կենսական անհրաժեշտ ապրանքների բացակայության պայմաններում: Գործե՛լ է պետք: Խոսել միշտ էլ կհասցնենք:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը