Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ։ Այս հայտարարությունն արել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ԼՂ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին իր զեկույցում, գրում է «Sputnik Արմենիա»-ն։
Աելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է նամակով դիմել Հարվարդի ու Եյլի համալսարանների դասախոս Օկամպոյին և խնդրել փորձագիտական կարծիք հայտնել Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Հուլիսի 31-ին Օկամպոն հրապարակային հայտարարեց, որ 7 օրում կնախապատրաստի իր եզրակացությունը։
Նա իր զեկույցում փաստել է, որ Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, ինչը խոչընդոտում է ցանկացած սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ իրերի մատակարարումը ԼՂ, 2022 թվականի դեկտեմբերից լուսաբանվում է ԶԼՄ–ներում և քննարկվում քաղաքական առաջնորդների կողմից։
Ինչպես նշել է ՄՔԴ–ի նախկին դատախազը, իր ներդրումն այն է, որ բացատրվի, թե ինչու դա պետք է ԼՂ էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող ցեղասպանություն համարել Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի («Ֆիզիկական ոչնչացման նպատակով կյանքի անտանելի պայմանների միտումնավոր ստեղծում») համաձայն։
«Այստեղ չկան դիակիզարաններ, չկան նաև մաչետեով հարձակումներ։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է։ Առանց անհապաղ արմատական փոփոխությունների հայերի այդ խումբը մի քանի շաբաթ անց կոչնչացվի։ ԼՂ էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող սովը ցեղասպանության արխետիպ է, որն իրականացվում է կյանքի այնպիսի պայմանների պարտադրմամբ, որոնք ուղղված են խումբը ոչնչացնելուն»,- ասված է Օկամպոյի հայտարարության մեջ։
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը նշել է, որ իր համար պատիվ էր ներդրում ունենալ` անաչառ զեկույց ներկայացնելով։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել օգնելու ցանկացած կողմի, որը ձգտում է վերջ դնել Լեռնային Ղարաբաղի հայերի ոչնչացմանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը