7or.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանը նորանոր «գյուտեր» է անում ու շարունակում է «փայլատակել»: Ասուլիս է տալիս ու բացահայտ ատելություն «արտաշնչում» Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ: Իսկ հաջոր օրվա առավոտյան «ֆուռ-շոու» է անում՝ 19 խոշոր բեռնատարներով «հումանիտար բեռներ» ուղարկելով Ադրբեջանի կողմից պաշարված Արցախ: Ու դա անում է՝ հրաշալի իմանալով, որ իր գործընկեր և գաղափարակից Ալիևը թույլ չի տալու այդ բեռների անցումը Բերձորի միջանցքով, խոչընդոտելու է:
Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը: Կառավարության նիստում երկար-բարակ ելույթ է ունենում, թե բա գիտե՜ք, ռուսական խաղաղապահներին ասացինք բեռը տարեք, բայց ադրբեջանական կողմը խոչընդոտում է, որ այդ բեռները տեղափոխվեն, բեռնատարները Կոռնիձորում կանգնած են: Ու մեկ էլ «փայլատակում» է, թե՝ Ադրբեջանը եթե չթողնի, որ բեռնատարների շարասյունն անցնի սովահարության եզրին գտնվող Արցախ, ուրեմն դա...
Չէ, ավելի լավ է հենց իր բառերը մեջբերենք. «Անկախ մեր գնահատականներից, սպասում ենք ՌԴ խաղաղապահ զորախմբի, պաշտոնական Բաքվի դրական արձագանքին, որովհետև հումանիտար բեռի մուտքը թույլ չտալը, ընդամենը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրության մասին մտավախությունները»:
Կրկնակի «թակարդ» է դնում Նիկոլ Փաշինյանը, ու ստացվում է, ըստ իր ներկայացրածի, որ նման վիճակի մեղավորը ռուսական խաղաղապահներն են ու մեկ էլ Բաքուն, իսկ ինքը, հասկանո՞ւմ եք, սուրբ է: Համարյա ինչպես իր երազանքներում և իր էժանագին-մանիպուլյատիվ քարոզչասխեմաներում, էն որ փրկիչ է, չգիտես, թե էլ ինչ է:
Ու, իր ասելով, դուրս է գալիս, որ ուրիշ այլ բան չկար, ընդամենը այն, որ Բաքուն խոչընդոտում է Արցախ ալյուր և պարեն, դեղորայք տեղափոխել, այ դա նոր պիտի հաստատի, որ Ադրբեջանը ուզում է Արցախի հայությանը ցեղասպանության ենթարկի: Ու դա էլ որպես մտավախություն է նշում:
Ինչպիսի՜ երեսպաշտություն...
Իբր Բաքվի մտադրություններն այս 30-35 տարվա մեջ անհայտ էին, իբր ոչ մի անգամ ու ոչ մի բանով չէին դրսևորվել, իբր ինքը՝ Նիկոլ Փաշինյանն էլ դրանց մասին չգիտեր և նոր միայն, երբ 225 և ավելի օր Ադրբեջանը շրջափակված է պահում Արցախը, այս շարասյան մուտքն արգելելով՝ կհաստատվի ցեղասպանություն իրականացնելու նրանց մտադրությունը:
Նման դեպքերում տարեցներն ասում են՝ «ձյուն գա գլխիդ...»:
Բայց Փաշինյանը, իհարկե, հրաշալի տեղյակ էլ է, գիտի էլ, ու իր արածն ու ասածներն ընդամենը դերասանություն են:
Նիկոլ Փաշինյանն ինքն է ստեղծել այս իրավիճակը: Ու արել է դա առնվազն 2022-ի հոկտեմբերի 6-ին, երբ նախ՝ Էրդողանի ու Ալիևի առաջ հայտարարել է, որ Արցախն ադրբեջանական է, ապա նրանց պահանջով հրապարակավ մի քանի անգամ կրկնել է իր այդ հայտարարությունը:
Նիկոլ Փաշինյանը ռուսական խաղաղապահներին էլ է հանձնել, առնվազն դրել է խաղից դուրս վիճակում՝ հայտարարելով, որ Արցախն ադրբեջանական է: Դրանով նա նաև «ջրել» է 2020թ. նոյեմբերի 9-ի իր իսկ ստորագրած համաձայնագիրը, որը գոնե Լաչինի միջանցքի հնարավորություն էր տալիս։
Եվ հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հրաժարվել է Արցախից, հրաժարվել է Բարձորի կամ ինչպես ինքն ու իր սիրելի ադրբեջանական թուրքերն են ասում՝ Լաչինի միջանցքից, իր գործընկեր Ալիևն էլ հայտարարում է, որ դա իր տարածքն է, ինչ ուզենա, այն էլ կանի: Ու որպեսզի ընդգծի Արցախն ադրբեջանականացնելը, ասում է, թե Աղդամով թող մատակարարումներ արվեն:
Նիկոլ Փաշինյանն է փակել Արցախի կյանքի ճանապարհը՝ իր վարած հակահայ ու պրոթուրք-պրոադրբեջանական քաղաքականությամբ: Նիկոլ Փաշինյանն է Արցախի հայությանը ոչ միայն սովի մատնել, այլև մատնել, հանձնել թշնամուն, որովհետև բացի ադրբեջանաթուրքական հանձնակատար լինելուց, ատում է ամեն հայկականն ու հայերին, ատում է ավելի շատ, քան նույնիսկ մեր դարավոր թշնամին՝ թուրքը:
Եթե Նիկոլ Փաշինյանի նպատակը իսկապես Բերձորի միջանցքը բացելն ու Արցախի հայությանն օգնության հասնելը լիներ, ապա նախքան «Սպայկայի» ֆուռերը կամ դրանց շարասյունից առաջ, տանկերի և զրահամեքենաների շարասյուն կշարժվեր:
Արցախի «կյանքի ճանապարհը» ժամանակին զենքով ու մեր լուսավոր տղաների կյանքերի գնով է բացվել ու պահվել: Իսկ Նիկոլ Փաշինյանը գրչի մի շարժումով ջրեց այդ սուրբ արյունն ու այդ գնով ազատագրվածը:
Իսկ հիմա կոկորդիլովի արցունքներ է թափում: Չնայած, ոչ էլ այդպես, ուղղակի հոգին փառավորվում է, քանի որ կարողացավ պարտության և աղետի մատնել հայերիս, Արցախը, Հայաստանը, կարողացավ նվաստացնել ու պատվազրկել, աշխարհի առաջ ներկայացնել որպես գոյություն ունենալու իրավունքից զրկված ոչնչությունների: Դե հա, ում են պետք նրանք, ում միակ հոգսը ուտելն ու արտաքնոց գնալն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը