27 07 2023

Ադրբեջանի նոր նախապայմանը ու Փաշինյանի քարոզչական նախապատրաստությունը. վերլուծական

Ադրբեջանի նոր նախապայմանը ու Փաշինյանի քարոզչական նախապատրաստությունը. վերլուծական

7or.am-ը գրում է. Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում ևս հատուկ շեշտեց այն հանգամանքը, որ Հայաստանի պետական բյուջեից որոշակի ֆինանսավորում է իրականացվում Արցախին: Դա Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցներն ամենևին էլ առաջին անգամ չեն հատուկ շեշտում, ընդգծում, հայտարարում, շրջանառում: Թե բա՝ «գիտե՜ք, մեր կառավարությունը ինչքան գումար է հատկացնում Արցախին...»: Այդպես ասում էին մինչև վերջերս: Իսկ վերջերս նույնը ասում են, այսպես ասած՝ երեսով տալով, որպես մի մեծ լավություն արած լինելով, ինչպես խոսակցականով են ասում, որպես «ադալժենի»: Իբր, տեսեք-տեսեք՝ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն ինչքան լավն են, որ Արցախին գումար են հատկացնում: Կարելի է կարծել՝ իրենց չլուտ պապերի պահած ոսկիների հաշվին են դա անում, այլ ոչ թե Հայաստանի բոլոր հարկատուներիս վճարած միջոցներից ձևավորվող պետական բյուջեի միջոցներից են հատկացնում:

Ըստ որում, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի բոլոր նախկին իշխանությունները տասնամյակներ շարունակ որոշակի նկատելի ֆինանսավորում Արցախին հատկացրել են՝ անկախ այն բանից, թե այդ հատկացումներն ինչպես են ձևակերպվել: Բայց նախորդ ոչ մի կառավարություն, ոչ մի իշխանություն երբեք դա մատի փաթաթան կամ քարոզչական դրոշակ չի դարձրել: Ու դա հասկանալի է:

Իսկ այ Նիկոլ Փաշինյանը, առիթ-անառիթ «երեսով է տալիս», այն օրը անգամ այնքան ցինիկացավ, որ Արցախի պատգամավորներից մեկից հետ ուզեց աշխատավարձի գումարը...

Կարող էր թվալ, թե դա Նիկոլ Փաշինյանի «բադրիջան ցանեք»-ային բռնկումներից էր, բայց դա այդքան էլ այդպես չէ: Ավելի ճիշտ՝ ընդհանրապես այդպես չէ: Այստեղ այլ հարց կա: Ու այդ այլ հարցը բացահայտվեց Ալիևի օգնական Հաջիևի հայտարարությունից: Մասնավորապես, այն արծարծումից, որով Հայաստանից պահանջում են, որ դադարեցնի Արցախի կառավարությանը ֆինանսական միջոցների հատկացումը:

Սա, ըստ էության, ադրբեջանական հերթական նախապայմանն է: Երևի կարիք էլ չկա բացատրելու, թե այն ինչ նպատակով է առաջադրվում և ինչին է ուղղված: Առանց այդ էլ հասկանալի է: Ալիևը շատ հանգիստ ասում է կամ կարող է ասել, թե՝ Նիկո՛լ, դու Ղարաբաղը արդեն մի քանի անգամ ճանաչել ես Ադրբեջանի տարածք, դու որպես ի՞նչ ես իմ տարածքի մի մասի բնակչությանը ֆինանսավորում, դա ընդհանրապես քո ի՞նչ գործն է:

Դե, Նիկոլ Փաշինյանն էլ, որ ինչպես բոլորդ տեսաք, խորապես ատում է Արցախը, արցախի հայությանը, այն աստիճան, որ պարզ հիշատակումներն անգամ նրան հունից հանում են: Ու երբ Արցախի մեր հայրենակցի խոսքի ձայնագրությունը միացվեց նրա ասուլիսի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի հայացքը մի բան էր արտահայտում. «Ո՞նց, էս դուք հլա չեք մեռե՞լ, պրծնեմ ձեզանից...»:

Ամեն պարագայում, ամենևին պատահական չէր, որ Նիկոլ Փաշինյանը այդպես շեշտադրված խոսեց Արցախի կառավարությանը ֆինանսավորելու մասին: Նա այդպիսով, կարող եք չկասկածել, որոշակի քարոզչական նախապատրաստություն տեսավ՝ ֆինանսավորումը դադարեցնելու մասին ադրբեջանական հերթական նախապայմանը իրականացնելու համար:Ըստ երևույթին, սա Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի՝ չհրապարակվող կամ կուլիսային ևս մեկ պայմանավորվածություն է, որը նա հանձն է առել կատարել: Ու կատարում է: Ու կկատարի:

Նիկոլ Փաշինյանը պարտաճանաչ կատարում է բոլոր այն պարտավորությունները, որ ստանձնել է Ալիևի ու Էրդողանի առաջ: Իսկ այ, երբ հիշեցնում են իր նախընտրական ստախոստումները, նա «գժականին է անցնում», աչքերը դիվահար դեմուդեն ոլորում ու ստում, զազրախոսում, անհեթեթ ու անկապ համեմատություններ անում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ