«Ես գիտեմ մի պարզ ճշմարտություն՝ աշխարհում չկա մի իրավիճակ, որից ելք չլինի։ Չկա։ Չկա մի փոս, որից դուրս գալու հնար չլինի։ Մի միջնադարյան առակ կա․ մի խեղճ էշ ընկնում է փոսը, տերը գալիս է և չի կարողանում հանել, ասում է՝ հողով ծածկեմ՝ էշը չչարչարվի։ Բահերով հողը լցնում է էշի վրա։ Էշը իրեն թափ է տալիս, ոտքի տակ հողը բարձրանում է, հասնում է իրենց մակարդակին, ազատվում-գնում է։ Բա մի էշի չափ էլ չկա՞նք»,- Երևանի Ազատությանհրապարակում հանրահավաքի ժամանակ ելույթում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը։
«Ինչի՞ ենք նստած սպասում, որ ինչ-որ մեկը գա մեզ փրկի։ Ե՞րբ է եկել-փրկել, որ հիմա փրկի։ Ոչ ոք չի փրկելու։ Ինչո՞ւ ենք համակերպվել նվաստացման հետ, պարտվածի հետ։ Ե՞րբ չենք ունեցել պարտություն, ե՞րբ չենք ունեցել հաղթանակ։ Բայց այսքան հիասթափվա՞ծ։ Թե՞ ձեզ թվում է՝ սա աշխարհի վերջն է կամ այսօր մենք ապրում ենք հայ ժողովրդի ամենածայրահեղ վիճակը։ Ոչ, մենք ամենածայրահեղ վիճակն ապրել ենք մի քանի անգամ, քարտեզի վրա անգամ չենք էլ եղել»,- ասաց նա։
«Մի բան հաստատ գիտեմ, այսօր մենք մեկ գերխնդիր ունենք, ազգովի։ 10 մլն հայ կա աշխարհում, ու ազգովի ունենք մեկ գերխնդիր, կանգնած ենք գոյաբանական խնդրի առաջ և եթե կարծում ենք այսօր Արցախի հարցն է, խորապես սխալվում ենք։ Եթե մենք այսօր ուշքի չգանք և կորցնենք Արցախը, վաղը ցույցեր ենք անելու Սյունիքի համար, մյուս օրը ցույցեր ենք անելու Տավուշի համար և հետո օպերայի սրճարաններում քեֆ ենք անելու, որովհետև Երևանը Հայաստան է և վերջ։
Ուշքի եկեք, ոտքի կանգնեք։
Էդ տեսակ փոս չկա, որից հնարավոր չլինի դուրս գալ։
Սպանեք ձեր միջի ստրուկին։
Ոտքի կանգնեք, հերիք եղավ»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը