Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարություն է տարածել, որում նշում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է մարդասիրական կոնսենսուսի հասնեն՝ ԼՂ-ում մարդկանց տառապանքը թեթեւացնելու համար։
Կազմակերպության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ չնայած համառ ջանքերին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ներկայումս չի կարողանում մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ որևէ այլ ճանապարհով, ներառյալ Աղդամը: Նշվում է, որ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ կողմերը պետք է թույլ տան կարիքավոր քաղաքացիական անձանց համար մարդասիրական օգնության արագ և անարգել փոխանցումը, ինչը ներառում է բժշկական պարագաներ և առաջին անհրաժեշտության սնունդ:
«Կազմակերպությունը կոչ է անում համապատասխան որոշումներ կայացնողներին թույլ տալ ԿԽՄԿ-ին վերսկսել իր հիմնական հումանիտար գործողությունները այդ տարածքում։ Տասնյակ հազարավոր մարդիկ ապավինում են այս ճանապարհներով իրենց հասնող մարդասիրական օգնությանը: Քաղաքացիական բնակչությունն այժմ կյանքի համար անհրաժեշտ դեղամիջոցների, առաջին անհրաժեշտության պարագաների կարիք ունի, ինչպիսիք են հիգիենայի միջոցները և մանկական կաթնախառնուրդը։ Մրգերի, բանջարեղենի և հացի պաշարները հետզհետե սակավանում եւ թանկանում են, մինչ որոշ այլ պարենային ապրանքներ, ինչպիսիք են կաթնամթերքը, արևածաղկի ձեթը, հացահատիկը, ձուկը և հավը այլեւս հասանելի չեն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կազմակերպությունը նշել է, որ վերջին անգամ մի քանի շաբաթ առաջ է ԿԽՄԿ-ին թույլատրվել բժշկական պարագաներ և առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ տեղափոխել։
«Մարդասիրական օգնությամբ մեր ավտոշարասյուները փրկօղակ են այս տարածաշրջանի բնակչության համար։ Մինչ այդ շարասյուների անցուդարձն արգելափակված է, մենք մտահոգված ենք, որ մարդասիրական իրավիճակը կվատթարանա։ Մենք ամենից շատ անհանգստացած ենք նրանց համար, ովքեր չեն կարող իրենք իրենց օգնել։ Հատկապես ռիսկի տակ են հիվանդներն ու խրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ, ինչպես նաև ծերերը, անօգնական մարդիկ և երեխաները։ Որպեսզի կարողանանք գործել այստեղ, մեզ անհրաժեշտ է, որ կողմերը մարդասիրական կոնսենսուսի հասնեն։ Սա կյանքեր փրկող աշխատանք է և պետք է թույլատրվի, որ այն շարունակվի», – ասել է ԿԽՄԿ Եվրասիայի գծով տարածաշրջանային տնօրեն Արիանա Բաուերը, որի խոսքը մեջբերվում է հաղորդագրությունում։
Կազմակերպությունը նշել է, որ դեկտեմբերից սկսած բժշկական անհապաղ օգնության կարիք ունեցող ավելի քան 600 քաղաքացու է հաջողվել տարհանել, որոնցից 24-ին՝ վերջին օրերի ընթացքում։
Նշվում է, որ ԿՄԽԿ-ն շարունակում է երկխոսությունը կողմերի հետ եւ պատրաստ է վերսկսել իր մարդասիրական գործունեությունը կոնսենսուսի հասնելուն պես։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը