Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Արցախում ընթացող դասական իմաստով ցեղասպանության մեջ Թուրքիայի շահագրգռվածությունը քաղաքագետները բացատրում են զուտ քաղաքական ասպեկտներով՝ մասնավորապես Մեղրու միջանցքով մեծ թուրանի գաղափարի կենսագործման մարմաջով, ինչը տրամաբանական է: Ինձ համար, որպես տասնյակ տարիներ իրավապահ համակարգում աշխատած մեկի, Մեղրու միջանցքի անդուլ պայքարը առաջնահերթ այլ ենթատեքստ ունի, դա թուրքերի համար ընկալվում է իբրև, այսպես կոչված, «գորշ ճանապարհ», ինչը հնարավորություն կտա, գրեթե ներքին համակարգով հասնել անասելի մեծ չափերի թմրանյութերի, մարդկանց, հատկապես՝ երեխաների թրաֆիքինգի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության: Այս հեռանկարը չափազանց գրավիչ է հատկապես՝ Աֆղանստանի (այս երկրում միայն թմրանյութերի արտադրությունը կազմում է շուրջ 350 մլրդ դոլար) և Պակիստանի համար, ուստի պատահական չէր նրանց անմիջական մասնակցությունը 44-օրյա պատերազմում:
Ասվածի համատեքստում մենք, բացի ավանդական դաշնակիցներից, ունենք բազում այլ շահագրգիռ կողմնակիցներ՝ առնվազն Իրան, Հնդկաստան և Չինաստան: Չինաստանի շահագրգռվածությունն ուղղակի սահմաններ չունի, այս երկիրը Մեծ Բրիտանիայի գաղութատիրության շրջափուլում թմրանյութերի պատերազմների մեջ է եղել և սեփական մաշկի վրա է զգացել այդ աղետի, ինչպես նաև այն հաղթահարելու ծանրությունը: Ներկայումս նրանց անհանգստությունը նաև այդ հեռանկարով է պայմանավորված:
Այս ամենի համատեքստում, կարծում ենք, առավել խելամիտ քայլ կլիներ, նախ՝ չեղարկել, այսպես կոչված՝ «Կրոնի ազատության դաշինքի» տակ 2020 թ. հունիսի 12-ին դրված մեր ստորագրությունը, քանզի այն բացառապես ուղղված է հենց վերը նշված երկրների և Իրաքի դեմ, որոնք երբևէ մեզ համար որևէ կրոնական խնդիր չեն ստեղծել՝ ի տարբերություն թուրքիայի և ադրբեջանի, բացի այդ, վերապահել են մեր թեմերին ավելի լայն լիազորություններ, քան Մայր Աթոռն է օժտված Հայրենիքում: Հետագա քայլերը կհուշեն քաղաքագետները, միայն հիշեցնեմ, որ դե ֆակտո այդ ճանապարհը փակել է ոչ թե հայկական, այլ հենց ադրբեջանական կողմը՝ որպեսզի թույլ չտար հումանիտար օգնություն հասցնեն երկրաշարժից տուժած Հայաստանին:
Հ.Գ. Մի փոքր ծավալուն տեքստ ստացվեց, բայց մեկ անգամ ևս ընդգծվեց այն անասելի մեծ կարևորությունը, որ ունի ՀայաՔվե օրենսդրական նախաձեռնությունը, ստորագրե՛ք հանուն Ձեր և Ձեր երեխաների ապագայի ….
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը