168.am-ը հրապարակել է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից.
«Արլինգտոն… Վայր, որն աշխարհին նախ հայտնի է՝ որպես ԱՄՆ իդեալների և շահերի համար իրենց կյանքը չխնայած զինվորականների վերջին հանգրվան, վայր, որն ամերիկյան հայրենասիրության և արժանապատվության մարմնավորումներից է:
Վաշինգտոնյան հենց այս արվարձանում է տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական բանակցությունը:
Հանդիպման ֆոն
1. Հանդիպումը տեղի է ունենում նախատեսվածից 16 օր ուշացումով, որն, ըստ ամենայնի, Ադրբեջանի կողմից Ռուսաստանին արված ժեստ էր՝ ամերիկյան բանակցային տրեկը հետաձգելու համար, սակայն ՌԴ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները հասկանալիորեն որոշակի չափով «ֆորա» են տալիս Արևմուտքին:
2. Կտրուկ սրվել է իրավիճակը Լաչինի միջանցքում, ինչը ոչ միայն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հերթական դրսևորումն է, այլև Փաշինյանի կողմից խնդրի նկատմամբ հանցավոր անտարբերության և զուտ «գալոչկայի» համար ձևիստական կչկչոցների արդյունք:
3. Միջազգային կառույցների կողմից «թղթակենտրոն հայամետությունը», որը դրսևորվում է զանազան հայտարարություններով, բանաձևերով և քննարկումներով, այդ դիվանագիտական մակուլատուրայից այն կողմ, Հայաստանին և Արցախին առավել գործնական միջոցներ՝ սանկցիաներ, պատիժներ և այլն, առաջարկելու նշաններ չի ցուցադրում:
4. Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները ոչ միայն մեզ հաթաթա տալու հերթական նոպայի մասին էին վկայում, այլև նորից անհամարժեք և թուլամորթ մեկնաբանությունների արժանացան Հայաստանի իշխանությունների կողմից:
5. Վրաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի կողմից վերջերս ձեռք բերված համաձայնությունն Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի զարգացման հնգամյա ճանապարհային քարտեզի շուրջ կրկին վկայում է այն մասին, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» չունի համաշխարհային լոգիստիկ նշանակություն և հանդիսանում է բացառապես թուրք-ադրբեջանական գեոպոլիտիկ երազանք:
6. Նիկոլի կողմից ԱԺ-ում արտաթորած վերջին խայտառակ թեզերը էլ ավելի են ամրացրել Ադրբեջանի քաղաքական և դիվանագիտական դիրքերը:
Ի՞նչ սպասել հանդիպումից
1. 2020թ. նոյեմբերի 9-ից և հատկապես՝ 2021թ. հունիսի 21-ից հետո Հայաստանը ցանկացած բանակցությունների ներկայանում է 20-րդ դարի 20-ականների Գերմանիայի նման՝ «առանց բանակ, առանց զենք, առանց պատիվ»: Ուստի այս հանդիպումից ևս ոչ մի հայանպաստ լուծում ակնկալել չի կարելի, քանի դեռ մեզ շարունակում են ներկայացնել Փաշինյանը և իր թիմը:
2. Նիկոլը ոչ թե իջեցրել է հայկական կողմի նշաձողը նման քննարկումներում, այլև առհասարակ վերացրել է հայկական շահերի թե՛ նիշը, թե՛ ձողը: Ուստի հայ ժողովրդի համար ոչ մի լավ ելք չի լինելու:
3. Օգտվելով ռուսաստանյան խժդժություններից՝ ԱՄՆ-ը կգործադրի մաքսիմալ ջանքեր՝ Նիկոլին երեսափրկում՝ face-saving ապահովելու համար: Օրինակ՝ Արցախի «հայ բնակչության իրավունքներ և անվտանգություն», «29 800», «հումանիտար հարցեր» ձևակերպումների շուրջ:
4. «Наш сукин сын» մոտեցմանը հավատարիմ՝ ԱՄՆ-ը ոչ միայն աչք է փակում Փաշինյանի ռեժիմի կողմից երկրի ներսում իրականացվող տեռորի և բռնաճնշումների վրա, այլև հիմքեր է ստեղծելու, որպեսզի Նիկոլը շարունակի կերակրել սեփական ժողովրդին փայտիկի վրա սառեցված, չուպաչուպսանման քարոզչական արտաթորանքով:
Հ.Գ. Արլինգտոն… Զմրուխտյա մարգագետնին տեղադրված սպիտակ քարերի անծայր և կոկիկ ատամնաշար, որը ռազմական փառքի, հայրենասիրության և մեծարանքի մարմնավորում է: Վաշինգտոնյան հենց այս արվարձանում իր մահկանացուն վերջնական կնքելուն մոտ է հայկական դիվանագիտությունը:
Սակայն այն երբեք Արլինգտոնում հուղարկավորվելու շանս չի ունենա, քանզի դա արժանապատվության և ոչ թե գեոպոլիտիկ անկանոն հարաբերություններից անպատվորեն վերջին շունչը փչածների սիմվոլ է:
Եվ հետո, չէ՞ որ ինքնասպաններին ընդհանուր գերեզմանում չեն թաղում…
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
27.06.2023թ.»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը