Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին: Այս մասին հայտարարել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ:
Հարցուպատասխանի ժամանակ ԵԽ պատգամավորը Ֆրանսուա Քսավիե Բելավին քննադատել է Լաչինի միջանցքի շրջափակումը։
«Արդարադատության դատարանը դատապարտել է Ադրբեջանի կողմից շրջափակումը, սակայն այս պետական ահաբեկչությունը չի հանգեցրել Խորհրդի կողմից որևէ պատժամիջոցի։ Իսկ Հանձնաժողովը, թվում է, անկարող է պատշաճ դատապարտել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների այս շատ լուրջ խախտումը»,- նշել է ԵԽ պատգամավորը:
Անդրադառնալով Բելավիի խոսքերին՝ Ժոզեպ Բորելն ասել է, որ Ադրբեջանի կողմից կայացված միակողմանի որոշումը լիովին հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին:
Բորելը նշել է, որ Լաչինի միջանցքը ԵՄ դիտորդական առաքելության պատասխանատվության աշխարհագրական գոտուց դուրս է․ «Կան տարածքային գոտիներ, Հայաստանի հետ սահմանային հատվածներ, որտեղից երևում է, թե ինչ է կատարվում Լաչինի միջանցքում։ Սակայն միջանցքն ինքնին առաքելության իրավասությունների և նրանց պատասխանատվության գոտուց դուրս է: Այժմ փորձում ենք կոնկրետ այս խնդրի համար լուծում գտնել»:
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Բորելը նաև ասել է, որ Մոլդովայում շատ կարևոր հանդիպում է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի միջև:
Հավելել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ևս մեկ հանդիպում նախատեսվում է հուլիսին Բրյուսելում, և որ ջանքեր են գործադրվում հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու համար, իսկ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել բանակցությունները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը