7or.am-ը գրում է․ Թուրքիան, որին Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, աղետալի երկրաշարժից հետո շտապեց փրկարարական ու նյութական օգնություն ցուցաբերել, գնահատեց այդօրինակ դրսևորումն ու առժամանակ փակեց իր երկրի օդային տարածքը հայկական օդանավերի համար: Օդային տարածքը փակեցին նաև Փաշինյանին տեղափոխող օդանավի համար, չնայած՝ նա այդ ճանապարհով մեկնում էր թուրքական նախապայմանները կատարելու, Ալիևի հետ Հայաստանի, Արցախի ու հայության դեմ նոր աղետներ պայմանավորվելու համար:
Այդքանից հետո, Նիկոլ Փաշինյանը, կարծես ապացուցելու համար, որ ինքը որպես անհատ նաև զրոյական ինքնահարգանք և ինքնասիրություն ունի (այսինքն՝ չունի), վազեվազ մեկնեց վերընտրված Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու, որտեղ նրան ցուցադրաբար բանի տեղ էլ չդրեցին: Այդպես է. ոտքի փաթաթանը (портянка), որպես կանոն, հագուստի տարր չեն համարում ու չեն հիշատակում, նաև քաղաքականության մեջ:
Մյուս կողմից, չնայած հրապարակային նվաստացմանը, բոլորը տեսան, թե որքան ուրախ, անգամ երջանիկ էր Նիկոլ Փաշինյանը՝ Էրդողանի երդմնակալության արարողությանը ներկա գտնվելու, Ալիևի հետ շփվելու, առհասարակ՝ թուրքերի միջավայրում պայտնվելու համար:
Ինչի՞ վկայություն են այս ակնհայտ փաստերն ու դրսևորումները:
Սա, ամենից առաջ նշանակում է, որ նույն Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիային ուղղված ինչ-ինչ «մեղադրական» հայտարարությունները, որ նա ժամանակին արել է վարչապետի պաշտոնում լինելով, ընդամենը ձև էին, խաղ, ձևականություն, որի նպատակը Հայաստանի հանրությանը, առնվազն իր «ընտրազանգվածին» մոլորության մեջ պահելն էր:
Հակառակ դեպքում, թշնամական պետության, ըստ որում՝ իր թշնամանքը անցաքույց դրսևորող պետության ղեկավարի երդմնակալության արարողությանը դու ի՞նչ գործ ունես, ինչո՞ւ ես վազելով գնում:
Մյուս կողմից, դժվար չէ նկատել ևս մեկ ակնհայտ իրողություն: Տեսեք, Նիկոլ Փաշինյանի ԱԳՆ-ն երբեմն-երբեմն արձագանքում է Բաքվից հնչող հայտարարություններին: Բայց երբ Թուրքիայի իշխանություններն են հայտարարություններ հնչեցնում «Զանգեզուրի միջանցքի» մասին կամ նման թեմաներով, Նիկոլ Փաշինյանի ու նրա մանկլավիկների ծպտունն իսկ չի լսվում:
Ի դեպ, բացահայտ խաբեություն է և այն, թե սրանք թուրքերի հետ հարաբերություններ են կարգավորում՝ առանց նախապայմանների: Նախ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այս 5 տարվա ընթացքում արդեն իսկ կատարել է Թուրքիայի՝ ավելի վաղ հնչեցված մի շարք նախապայմաններ, այդ թվում՝ Արցախից հրաժարվելու նախապայմանը, երկրորդ՝ թուրքական կողմը շարունակում է դնել նախապայմաններ, որոնք փաշինյանենք հլու-հնազանդ ընդունում են: Ուղղակի դա միառժամանակ չի բարձրաձայնվում, մինչև ինչ-ինչ հանգամանքների բերումով չբացահայտվի:
Մեծ հաշվով, Թուրքիայից ինչ ասում են, Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը անում են: Ու սա արդեն գրեթե լիովին բացահայտված մարիոնետային ռեժիմ է, այլ ոչ թե՝ «ՀՀ կառավարություն»: Սա թուրքական խամաճիկային ռեժիմ է: Հայաստանի Հանրապետության իշխանությունը գործնականում զավթված է Թուրքիայի կողմից:
Եվ երբ Նիկոլ Փաշինյանը հլու-հնազանդ ընդունում է թուրքական իշխանությունների ասածները, նշանակում է, որ նա ընդունել է թշնամու նախապայմանները, ունի անձնական ու, շատ հնարավոր է՝ նաև նյութական շահագրգռվածություն: Իսկ Թուրքայի կամ Ադրբեջանի վերաբերյալ ինչ-ինչ բարձրաձայնված դժգոհություններն ընդամենը լոլո են, այդ թվում՝ Մոսկվայում Ալիևի հետ ձևական-ցուցադրական «խոսքակռիվը»:
Փաշինյանը հնազանդ կատարում է թուրքական նախապայմանները և «չաղ ու բախտավոր» է: Ինքն արդեն իր ու իր թոռների (եթե ունենա) ապագայի հարցը լուծել է՝ Հայաստանի ու հայության ոչնչացման մասին թուրքերի հետ պայմանավորվելու գնով:
Ովքեր ուզում են մեռնել, ցեղովի կոտորվել (կամ թրքանալ, որ նույն բանն է), թող շարունակեն բռնած պահել Նիկոլի «պոչը», ովքեր դա չեն ուզում, պետք է շտապեն ձերբազատվել Նիկոլ Փաշինյանի իշխանությունից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը