2023 թ. մայիսի 22-ի մամլո ասուլիսում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն անթաքույց հայտարարեց Արցախը և Տավուշի ու Արարատի մարզերի նախկին անկլավներն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ ճանաչելու մասին, ինչը ՀՀ վարչախմբի կողմից հետևողական կերպով իրականացվող հակապետական և հակազգային քաղաքականության հերթական դրսևորում է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն։
«Թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ձեռք ձեռքի տված Հայաստանի այսօրվա իշխանությունը ծրագրված կերպով փորձում է կոտրել մեր ժողովրդի դիմադրության ոգին՝ անխուսափելի կործանման տանելով երկիրը։
Պարտությունների, կորուստների, նվաստացումների ընթացքը թեւակոխում է նոր փուլ։ Այս իշխանության պաշտոնավարման ամեն մի օրն ու ժամը այլեւս գոյութենական սպառնալիք է:
Սակայն ամէն ինչ դեռ կորսված չէ, վիճակը հնարավոր է շտկել, մենք ունենք այդ ներուժը։ Ազգային ուժերի ջանքերի մեկտեղմամբ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը եւ բեկում մտցնել վիճակի մէջ։ Ուժեղ, արդար, արժանապատիվ Հայաստանն է գրավականը մեր անվտանգության ու ապագա հաջողութիւնների։ Բայց նախ պէտք է կանխել կենսական զիջումներ պարտադրող անձնատվական (կապիտուլացիոն) նոր պայմանագրերի ընդունումը՝ բացառելով առանց ժողովրդի անմիջական մասնակցության որեւէ համաձայնության կայացում։
Հայաստանի որեւէ իշխանութեան որեւէ գործողություն, որը կասկածի տակ է դնում Արցախում անցկացրած հանրաքվեների արդյունքները, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու դրա անքակտելի մասը կազմող անկախութեան հռչակագիրը, ի սկզբանէ առ ոչինչ են։
Մենք չենք հանդուրժելու հայ ազգի շահերը ոտնահարող պարտադրվող համաձայնությունները։ Արժանապատիվ ու հայրենատեր բոլոր հայերը այս առումով անելիք ունեն։ Մենք հավատում ենք՝ միասին կարող ենք բեկել պատմության ընթացքը»,- ասված է հայտարարության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը