«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթն՝ Ազգային ժողովում.
«ԱԺ այս ամբիոնին մոտենալը գնալով ավելի ծանր է դառնում: Ընդհանրապես կապիտուլացիա վավերացնել պատրաստվող խորհրդարանի մասը լինելը խարան է, որը դեռ երկար ժամանակ պետք է հասկանալ ինչպես ենք մաքրելու մեր ճակատագրերի վրայից:
Բայց ես այսօր մոտեցել եմ ամբիոնին 2 ուղերձ հղելու համար:
Առաջին ուղերձը հետևյալն է` կապ չունի Հայաստանի դատավճիռը որ երկրում է ստորագրվելու: Կապիտուլյացիան կապիտուլյացիա է` անկախ նրանից այն ստորագրվում է Վաշինգտոնում, Բրյուսելում թե Մոսկվայում: Հետևապես դրա դեմ պայքարը լինելու է նույն ուժգնությամբ:
2-րդ ուղերձը` դիմելով միջազգային հանրությանը, ՀՀ դաշնակիցներին, ցանկանում եմ ասել, որ այսօր ՀՀ-ում տիրող իրավիճակը չպետք է ընդունել որպես համաձայնություն Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը:
Այս պահին, երբ ես արտաբերում եմ այս բառերը, ՀՀ-ում ապօրինի կալանքի տակ է շարունակում մնալ թշնամուն չպարտված գեներալը, ապօրինի կալանքի տակ է գտնվում հայրենիքի համար նահատակված զինվորի մայրը, հետապնդման են ենթարկվում ոչ իշխանական հայացքներ ունեցողները, Հայաստանի բնակչությունը գտնվում է տեղեկատվական ահաբեկչության թիրախում:
Բայց անգամ այս դեպքում այս իրավիճակը լոկ թվացյալ հանգստություն է փոթորկից առաջ: Եթե որևէ մեկը կարծում է, որ այս խորհրդարանը մի քանի ընդդիմադիր ելույթով վավերացնելու է Հայաստանի կապիտուլյացին`սխալվում է:
Ընդհանրապես, երբ հետևողականորեն մարդուց խլում են ամեն ինչ և չեն թողնում կորցնելու ոչինչ, մարդը դառնում է ընդունակ ամեն ինչի: Հայ ժողովրդից խլելով ամեն ինչ, մեզ չթողնելով զարգացման որևէ հեռանկար, դուք բացելու եք տարածաշրջանային պանդորայի արկղը որը ոչ թե խաղաղություն` այլ նոր անկայունություն և ուժերի բալանսի անդառնալի փոփոխություն է բերելու տարածաշրջանում:
Մենք դա չենք ընդունելու, մենք ծածկելու ենք այն գերեզմանափոսը, որը դուք Նիկոլ Փաշինյանի ձեռքով փորում եք հայ ժողովրդի համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը