02 05 2023

Ժամ առաջ հրապարակեք 44-օրյա պատերազմում նահատակվածների և անհետ կորածների անունները. Գեղամ Նազարյան



ԱԺ-ում հայտարարությունների ժամին ելույթով հանդես եկավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ:

«Մինչ օրս պաշտոնապես չի հրապարակվել 44-օրյա պատերազմում զոհվածների եւ անհետ կորածների անունները: Այս հապաղումը միայն լրացուցիչ կասկածներ է առաջացնում, միայն նոր հարցեր առաջացնում:

Ի՞նչն է պատճառը, որ կառավարությունը պաշտոնապես չի հրապարակում զոհված հերոսների անունները:

Անունները պետք է հրապարակվեն: Ծննդյան վայրերը պետք է հրապարակվեն: Սա անհրաժեշտություն է: Սա առաջին հերթին հարգանքի տուրք է մեր հերոսներին:

Ասում են, թե Զինծառայողների ապահովագրման հիմնադրամում նշված են անունները: Այո, նշված են, բայց սա կառավարության կայքէջը չէ, եւ հետո ոչ բոլորն են վերցրել հիմնադրամի հատկացրած գումարները:

Մի հապաղեք, հրապարակեք տղերքի անունները: Հապաղումը, իրոք, անհասկանալի է:

Քանի որ այսօր խոսեցի այս խնդրի մասին, մեկ անգամ եւս մեր հասարակության բոլոր անդամներին կոչ եմ անում հարգանքով վերաբերվել հերոսների ծնողներին, ընտանիքի անդամներին: Ես այսօր մեկ անգամ արդեն այս մասին ասել եմ, բայց հիմա եւս կրկնում եմ, մի օգտագործեք հերոս տղերքի ծնողների բարոյահոգեբանական վիճակը, հուզականության բարձր աստիճանը:

Հարվածի տակ մի դրեք ծնողներին, մի մասնակցեք հերոս տղերքին նվիրված միջոցառումներին, միայն նրա համար, որ հերթական փորձն անեք վարկաբեկելու բանակն ու զինվորականներին:

Ի վերջո մեր հասարակությունը պետք է հասունանա, լրջանալ, իսկ այդ քայլերից առաջինը պետք է լինի իրական հարգանքը նահատակների ծնողների, ընտանիքի անդամների հանդեպ:

Թույլ մի տվեք, որ հերոսների ծնողներն իրենք նախաձեռնեն իրենց որդիներին նվիրված այս կամ այն միջոցառումը: Այն պետք է նախաձեռնի դպրոցը, որտեղ սովորել է հերոսը, համայնքը, որտեղ նա ծնվել եւ մեծացել է, զինկոմիսարիատը, որտեղից նա զորակոչվել է բանակ, զորամասը, որտեղ որ նա ծառայել է:

Ու մի վիրավորեք կամ նեղվեք հերոսների այն ծնողներից, որոնք քաղաքականապես ակտիվ են եւ ունեն քաղաքական հստակ հայացքներ:

Մի հարվածեք, մի քաշքշեք հերոս տղերքի ծնողներին բառիս բուն եւ անուղակի իմաստով:

Հերոսները մի օր սրբադասվելու են, բայց առանց դրա էլ կյանքը հայրենիքին գիտակցված նվիրվածները սրբեր են: Ու մի վհատվեք, որ հերոսների ծնողների մեջ կգտնվեն քաղաքացիական բարձր գիտակցում ունեցողներ:

Միաժամանակ փորձեր մի արեք նահատակների ծնողներին օգտագործել ձեր այս կամ այն ծրագրերով, ի վերջո ձեր իրական մտադրությունները բացահայտվելու են եւ դուք ամաչելու եք ծնողներին օգտագործել փորձելու համար:

Մի փորձեք հերոս տղերքի ծնողներին թշնամացնել մեկը մյուսի նկատմամբ, տարածելով կեղտոտ եւ ստահոդ տեղեկություններ, ի վերջո մի օր ճշմարտությունը հայտնի է դառնալու բոլորին եւ դուք ամաչելու եք:

Իսկ հիմա կառավարությանը մեկ անգամ եւս կոչ եմ անում՝ ժամ առաջ հրապարակեք 44-օրյա պատերազմում նահատակվածների եւ անհետ կորածների անունները»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ