Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ որպես արձագանք ապրիլքսանչորսյան թեմայով մի շարք երկրների պաշտոնյաների արած հայտարարություններին։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
«1915-ի դեպքերի վերաբերյալ իրողություններին և միջազգային իրավունքին չհամապատասխանող անհաջող հայտարարություններն ապարդյուն ջանքեր են՝ միտված պատմության վերաշարադրմանը քաղաքական դրդապատճառներով։
Ոչ ոք չպետք է մոռանա, որ 1915-ի դեպքերը չեն կարող սահմանվել ըստ քաղաքական գործիչների սեփական օրակարգերի և ներքաղաքական մտքերի։ Նման մոտեցումը միայն ճանապարհ կբացի պատմության խեղաթյուրման համար։ Նրանք, ովքեր համառում են շարունակել իրենց այս կողմնակալ դիրքորոշումները, պատմության մեջ հիշվելու են որպես էժանագին քաղաքական պատեհապաշտներ»,- ասված է հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ մերժում է այլ երկրների պաշտոնյաների նմանօրինակ հայտարարությունները և «խստագույնս դատապարտում» դրանք՝ համարելով, որ ոչ ոք և ոչ մի կառույց չի կարող դաս տալ Թուրքիային իր իսկ պատմության վերաբերյալ։
Հայոց ցեղասպանության փաստը ընդունող շրջանակներին Թուրքիայի ԱԳՆ-ն պիտակավորում է որպես «նեղմիտ քաղաքական հաշվարկներին ծառայողներ և պատմությունից թշնամանք դուրս բերողներ»։
Կոչ է արվում աջակցել Թուրքիայի առաջարկած պատմաբանների համատեղ հանձնաժողով կազմելու գաղափարին՝ դրանով իսկ նպաստ բերել տարածաշրջանային խաղաղության ու համագործակցության ջանքերին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը