Ապրիլի 16-17ը Հալեպում գումարվել է ՀՅԴ Հայ դատի Միջին Արևելքի հանձնախմբերի խորհրդաժողով, ներկայացվել են շրջանների աշխատանքների վերաբերյալ զեկույցներ, Միջին Արևելքում Հայ Դատի հետապնդման ուղղությամբ մարտահրավերները և առաջարկվել են լուծումներ՝ դիմագրավելու մատնանշված խնդիրները։
Հ.Յ.Դ. Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ խորհրդաժողովին մասնակցում էին Հայ Դատի Միջին Արևելքի գրասենյակի (Բեյրութ) տնօրեն Վերա Յաղուբյանը, Իրանի (երկու շրջաններից), Լիբանանի, Սիրիայի և արաբական մի շարք երկրներում գործող Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչներ, ՀՅԴ կառույցի տարածաշրջանի մարմինների և Հայաստանի Գերագույն մարմնի անդամներ, հրավիրյալ պատասխանատու ընկերներ։
ՀՅԴ Բյուրոյից ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
Երկօրյա խորհրդաժողովը.
Ա) Զեկույցներ և լուսաբանություններ ստացավ Հայաստանի և Արցախի Հանրապետություններում և նրանց շուրջ տեղի ունեցող, ինչպես նաև Հայ դատի աշխատանքներին առնչվող Միջին Արևելքում աշխարհաքաղաքական զարգացումների մասին։
Բ) Զեկույցներ և լուսաբանություններ ստացավ Հայ Դատի Կենտրոնական և Միջին Արևելքի գրասենյակների, ինչպես նաև առանձին երկրներում անցած մեկ տարվա ընթացքում Հայ Դատի հանձնախմբերի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ։
Գ) Ներկայացված «Հայ Դատի աշխատանքներին առնչվող աշխարհաքաղաքական զարգացումները Միջին Արևելքում» խորագրով զեկույցից հետո ծավալեց քննարկում։
Դ) Քննարկեց «Միջին Արևելքի Հայ դատի աշխատանքների քաղաքական առաջնահերթություններն ու գործունեության հիմնական ուղղություններն արտաքին և ներքին ճակատներում» ընդհանուր թեման՝ եզրակացություններ անելով հետևյալ հարցերի շուրջ․
– Ցեղասպանության ճանաչում, հատուցումներ, Հայաստան-Թուրքիա, հայ-թուրքական հարաբերություններ, Թուրքիայի հակահայ քաղաքականություն և այլն.
– Արցախի ինքնորոշման իրավունք, Ադրբեջանի հակահայ քաղաքականություն և այլն։
Ե) Քննարկեց և բանաձևեց առաջարկներ «Ընդհանուր մարտահրավերներ, մարդուժի խնդիր, գրասենյակներ-շրջաններ կապ» նյութի շուրջ։
Սպառելով օրակարգի հարցերը՝ խորհրդաժողովը փակվեց հյուրընկալ շրջանի և Հայ Դատի Միջին Արևելքի ու Կենտրոնական գրասենյակների պատասխանատուների խոսքերով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը