17 04 2023

Տեղումների քանակի պակասի դեպքում Արցախում երաշտի վտանգն ավելի կմեծանա

Տեղումների քանակի պակասի դեպքում Արցախում երաշտի վտանգն ավելի կմեծանա

Հանրապետության տարածքում ընթացիկ տարվա տեղումների քանակը նորմայից բավականին ցածր է, ինչը բացասական ազդեցություն է ունեցել ինչպես աշնանացան, այնպես էլ գարնանացան մի շարք մշակաբույսերի ցանքատարածությունների վրա:

Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Արամ Բադալյանը:

Հանրապետության շրջաններում արդեն իսկ կան աշնանացանի ցանքատարածքներ, որոնք գտնվում են անմխիթար վիճակում և բերքահավաքի ենթակա չեն լինի: Նման հողատարածքներում հողօգտագործողները որոշ դեպքերում նախատեսում են գարնանացան մշակաբույսերի ցանքս իրականացնել կամ էլ թողնել սև ցելի տակ»,- տեղեկացրել է նա՝ հավելելով, որ առաջիկա ամիսներին տեղումների քանակի պակասի դեպքում երաշտի վտանգն ավելի կմեծանա:

Անդրադառնալով ցանքատարածքներում իրականացվող աշխատանքներին, նա մանրամասնել է, որ Հանրապետության տարածքում մարտի առաջին տասնօրյակից մեկնարկել և այժմ եռուն ընթացքում է այս տարվա բերքի տակ կատարված ցանքսերի խնամքը:

Զուգահեռ շարունակվում են հողօգտագործողներին գարնանացան մշակաբույսերի սերմերի և ցանքատարածությունների նախապատրաստական աշխատանքների համար անհրաժեշտ դիզվառելիքի տրամադրման գործընթացները: «Նախորդ տարվա մարտ ամսվա երկրորդ տասնօրյակում գրանցված առատ տեղումները խոչընդոտել էին նախատեսված ժամկետներում ցանքսի իրականացմանը, որին այս տարվա գարնանացան մշակաբույսերի ցանքատարածքների ցուցանիշները գերազանցել են շուրջ 5 անգամ»,-մանրամասնել է վարչության  պետը:

Նրա խոսքով՝ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից անվճար հիմունքներով գարնանացան մշակաբույսերի սերմերի տրամադրումն իրականացվելու է մինչև մայիսի 1-ը, սակայն կան նաև բացառություններ։ «Ըստ շրջանների վարչակազմերի կողմից ներկայացված հայտերի, հիմնադրամի կողմից շարունակվում է հողօգտագործողների հետ պայմանագրերի կնքման և սերմերի տրամադրման գործընթացը: Դրանք հիմնականում տրամադրվում են անվճար, բացառությամբ հաճարի և կարտոֆիլի»,- եզրափակել է Ա․ Բադալյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ