Yerkir.am-ի խմագիր Վահե Սարգսյանը գրում է․
Կրկին լարվել են վրաց-ամերիկյան հարաբերությունները: Պետքարտուղար Է. Բլինքենը նախօրեին հայտարարել է, որ ԱՄՆ-ը հրապարակային կերպով այցագրային (վիզային) պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի միանգամից չորս անդամների՝ Միխեիլ Չինչալաձեի, Լևան Մուրուսիձեի, Իրակլի Շենգելիայի և Վալերիան Ցերցվաձեի և վերջիններիս ընտանիքների անդամների նկատմամբ:
Պաշտոնական պատճառն այն է, որ վերջիններս, իբր, ներգրավված են «զգալի կոռուպցիոն գործունեության» մեջ: Ըստ հայտարարության՝ նշված անձինք, իբր, չարաշահել են դատարանների նախագահների և Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների իրենց պաշտոնը՝ դրանով իսկ վնասելով օրենքի գերակայությանը և վրացական դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությանը։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ապրիլի 5-ին „Իմեդի LIVE" հեռուստածրագրին (https://www.facebook.com/KobakhidzeOfficial/videos/1909206219447858/) հյուր գնալով՝ չափազանց սուր և կտրուկ է արձագանքել ԱՄՆ-ի նման որոշմանը՝ նշելով, որ «… վրացի դատավորների համար վիզային պատժամիջոցների մասին ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության հետևում կանգնածները Վրաստանը պետություն չեն համարում»:
Միաժամանակ, իշխող կուսակցության առաջնորդը տարակուսանք է հայտնել, որ ԱՄՆ-ը կոռուպցիոն երևույթների վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել։
Ինչպես և փաստել էինք մեր նախկին հրապարակումներում՝ օտարերկրյա գործակալների մասին օրինագծերի շրջանառությունը Վրաստանում պատրվակ էր, որպեսզի Վրաստանում իրականացվեր հեղաշրջում, իշխանության վերադարձվեր Սահակաշվիլու արևմտաթրքամետ ուժը, և Վրաստանն արագորեն ներքաշվեր ՌԴ-ի դեմ գործողություններ իրականացնելու, ընդհուպ մինչև 2-րդ ճակատ բացելու ծրագրերում: Դա Վրաստանի իշխանությունները փայլուն կերպով կանխեցին:
Այդուհանդերձ, ինչպես փաստել էինք, Վրաստան-Արևմուտք հարաբերությունները մտան սառը հակամարտության փուլ:
Արևմուտքը շարունակում է իր փորձերը, որպեսզի Վրաստանը վերստին դառնա իր վասալն ու խամաճիկը, և դրա մասին բացեիբաց հայտարարում են Վրաստանում: Անդրադառնալով Բլինքենի վերոնշյալ հայտարարությանը՝ Թբիլիսիի վերաքննիչ դատարանի դատավոր, Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ Լևան Մուրուսիձեն, ով պատժամիջոցներով անցնող 4 անձանցից մեկն է, հայտարարել է, որ սա վրացական դատարանը և վրացական արդարադատությունը ԱՄՆ-ին ենթարկելու փորձ է: Իսկ իշխող ուժի ղեկավար Կոբախիձեն ԱՄՆ-ին ուղղակի մեղադրել է հանցավոր պահվածքի մեջ՝ հայտարարելով, որ Վրաստանի դատական համակարգին միջամտելու քաղաքական շահ կա ։
Բնականաբար, ԱՄՆ-ի վարքագծում զայրացնողն այն է, որ տվյալ երկիրը ստանձնել է դատավորի դեր ու ինքն է որոշում՝ ով է Վրաստանում կատարել չարաշահում, և ում պետք է պատժել: Երևի ԱՄՆ-ում մոռացել են, որ Վրաստանում կան պետական ինստիտուտներ, արդարադատություն և, ընդհանրապես, Վրաստանը ԱՄՆ-ի նահանգներից մեկը չէ: Այդ առումով շատ դիպուկ է արտահայտվել Իրակլի Կոբախիձեն. «Նրանք Վրաստանին չեն նայում որպես պետություն և չեն ճանաչում մեր պետականությունը»:
Փաստենք՝ ԱՄՆ-ին ակնհայտորեն զայրացնում է Վրաստանի իշխանությունների ինքնուրույն և պետականակենտրոն գործունեությունը, որի պատճառով Արևմուտքը չի կարողանում Ուկրաինայի կողքին բացել 2-րդ ճակատը: Թե ինչպիսի աղետալի հետևանքներ կունենան Վրաստանում նոր ճակատի բացումն ու ՀՀ-ի համար եզակի կենսական ցամաքային Ռազմավիրական ճանապարհի փակումը՝ բազմիցս ենք անդրադարձել:
Բայց դա դեռ չի նշանակում, որ Վրաստանի իշխանությունների այս հիանալի ուղեգծի ու պահվածքի շնորհիվ մենք ավտոմատ կերպով փրկված ենք:
Ուկրաինայում պլանավորված գործողությունների պայմաններում Արևմուտքը ինչպես Վրաստանում, այնպես էլ ՀՀ-Արցախում է փորձելու բացել 2-րդ ճակատ: ՀՀ-ում գոնե 1 անգամ պարտադիր լինելու է դա՝ շատ ծանր հարված, որի ժամանակ Թուրքիայի միջոցով փորձելու են կտրել Սյունիքի պարանոցն ու թուրքական ծանր տեխնիկայի համար միջանցք բացել դեպի Ադրբեջան՝ Իրանի հյուսիսում ստեղծելով հորիզոնական-թուրանական առանցք:
Նշյալ սպառնալիքների չեզոքացման ուղիներից մեկը Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ ուղղահայաց առանցքի ամրապնդումն է, ինչի համար այսօր կան քաղաքական լավ նախապայմաններ թե՛ Իրանում, թե՛ Վրաստանում:
Ցավոք, ՀՀ-ում գործող արմտաթուրքական շահերի սպասարկու դավաճան խմբակը, որն այսօր իշխանության է, գնում է հակառակ ուղղությամբ՝ ճիշտ Սահակաշվիլու օրինակով ամրապնդելով թուրք-ադրբեջանական մահաբեր առանցքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը