01 04 2023

Ո՞վ է ստում. Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ իր ԱԱԾ-ն

Ո՞վ է ստում. Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ իր ԱԱԾ-ն

7or.am-ը գրում է.

«Հայաստանի տարածքի ևս մի հատված, ի դեպ, առանց կրակոցի ու դիմադրության, Փաշինյանի իշխանությունը մարտի 30-ին հանձնեց թշնամուն: Խոսքը Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր բնակավայրերի հատվածում եղած տարածքի մասին է, որտեղ արձանագրվել է ադրբեջանական օկուպացիոն զորքերի առաջխաղացում, որից հետո թշնամին սկսել է ինտենսիվ դիրքավորվել նոր բնագծերում, դրանց մոտեցնել կենդանի ուժ և հավելյալ զինտեխնիկա: Այդ շարժը, ի դեպ, նկարահանվել է և համապատասխան տեսանյութերը մարտի 30-ի երեկոյան ժամերից արդեն ակտիվ «ֆռֆռում» են համացանցում:

Տեղի ունեցածի մասին դեռ լիարժեք հայտնի դառնալուց առաջ, նույն օրը, կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը մի երկարաշունչ ճառ ասաց «թեմայի վերաբերյալ»: Իսկ երեկոյան տարածվեց Նիկոլ Փաշինյանի անձնական ապահովությամբ զբաղվող կառույցի՝ ԱԱԾ-ի հաղորդագրությունը:

Ուշադրություն դարձնենք Նիկոլ Փաշինյանի հայտարարության այս հատվածի վրա. «Կրկնում եմ, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել՝ այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի, իրականացնել Սահմանապահ զորքերի միջոցով: Այսինքն՝ փոփոխությունը, որ տեղի է ունենում, հետևյալն է. նույն դիրքերից՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով Պաշտպանության նախարարության ստորաբաժանումները դուրս են գալու՝ ըստ պլանի, և նրանց փոխարեն տեղակայվելու են Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ» (ընդգծումները մերն են):

Հիմա անդրադառնանք Փաշինյանի ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությանը, մասնավորապես, մեջբերենք այդ փաստաթղթի 7-րդ կետը. «7. Խնդրո առարկա հատվածում ՀՀ բանակը դիրքեր չի ունեցել, որովհետև դիրքեր տեղակայվում են ոչ թե սահմանի գծին, այլ մոտակա ռազմավարական բարձունքների վրա: Իսկ սահմանի այդ հատվածի պահպանությունը պետք է անցներ սահմանապահ զորքերին՝ համաձայն վերը հիշատակված պայմանավորվածության»:

Հիմա հարց. ո՞վ է ստում. Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ ԱԱԾ-ն: Փաշինյանն ասում է, թե բանակի նույն դիրքերում պիտի տեղակայվեին սահմանապահ զորքերը, իսկ սահմանապահ զորքերի համար պատասխանատու ԱԱԾ-ն ասում է, թե խնդրո առարկա հատվածում բանակը դիրքեր չի ունեցել: Իսկ միգուցե ԱԱԾ-ն ակնարկում է, որ Նիկոլ Փաշինյանը «բլթացրե՞լ» է: Հնարավո՞ր է, որ ԱԱԾ-ն Փաշինյանից լավ իմանա, որտեղ ինչ դիրքեր կան: Ինչպե՞ս: «Գլխավոր գերագույն տրամանատար» Փաշինյանը չգիտի՞: Բա ինչի՞ հիման վրա է նման հայտարարություն անում: Թե՞ Փաշինյանը մի կողմից, իսկ իր ԱԱԾ-ն՝ մյուս կողմից միտումնավոր նման բաներ են ասում, որպեսզի մոլորության մեջ գցեն հանրությանը: Եվ ո՞ւմ է պետք նման «գլխավոր հրամանատարը», որը նույնիսկ չգիտի, թե որտեղ դիրքեր կան կամ չկան: Քանի՞ գրոշի արժեք ունեն այդ առնչությամբ նրա ասածները, եթե, այնուամենայնիվ, ԱԱԾ-ն է ճիշտ ասում: Եվ հակառակը՝ ո՞ւմ է պետք նման ԱԱԾ, որը չգիտի (եթե չգիտի), թե որ դիրքը որտեղ է:

Ամենից վատը, սակայն, դա չէ: Ամենից վատը այն է, որ թե՛ «ՀՀ վարչապետ» գրությամբ սաղավարտ կրողը, թե՛ նրան սպասարկող ԱԱԾ-ն իրենց հայտարարությունները անում են հիմնականում մեկ բանի համար, այն է՝ արդարացնելու համար թշնամու առաջխաղացումը, դա ներկայացնելով որպես անմեղ մի բան: Հատկապես՝ ԱԱԾ-ն: Հայտարարում է, թե մի 5 կետում են թշնամիներն առաջ եկել ու եկել են 100-300 մետրի չափ: Իբր՝ առանձնապես մի բան չի եղել, էլի:

Ավելին, թե՛ Փաշինյանի, թե՛ ԱԱԾ-ի հայտարարություններում ակնհայտ նշվում է, որ թշնամու հետ ունեցել են պայմանավորվածություններ: Սակայն այդ մասին ո՛դ Փաշինյանը, ո՛չ իր ԱԱԾ-ն բացարձակապես ոչինչ չեն հայտնել Տեղի, Կոռնիձորի բնակիչներին, որոնք թշնամական զորքի առաջխաղացումից անակնկալի են եկել, ինչի մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ ու վկայությաններ եղան: Լավ, ե՞րբ էին մտադիր Փաշինյանն ու ԱԱԾ-ն բնակիչներին հայտնել, զգուշացնել, տեղեկացնել, որ իրենց պատկանող արտերը, վարելահողերը պայմանավորվել են հանձնել ադրբեջանական թուրքերին: Ի դեպ, նշված բնակավայրերում շատերը, անգամ 2021 թվականին, ընտրել են Նիկոլ Փաշինյանին: Նրան ընտրողները, կարծում ենք, հիմա չափազանց ուրախ ու երջանիկ են այս ամենից: Իսկ եթե ոչ, ապա թող իրենց ձայները հետ վերցնեն»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ