ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արդեն 7 ամիս է կալանքի տակ է ՊԲ նախկին հրամանատար, ԶՈւ-ում տարբեր հրամանատարական պաշտոններ զբաղեցրած Միքայել Արզումանյանը:
Նրա կալանավորման իշխանական դրդապատճառների մասին շատ է խոսվել, սակայն վերջին ասուլիսում նրա անունն անուղղակի շահարկվեց 5-րդ շարասյան բացահայտումների համատեքստում` նշելով, որ հողեր հանձնելու թեմայով` Շուշիի գործով, բարձրաստիճան զինվորական կա կալանավորված:
Գեներալ Արզումանյանը ՊԲ հրամանատարի առաքելությունը ստանձնեց պատերազմի վերջին տասնօրյակում, երբ իրավիճակը բոլոր ուղղություններում չափազանց ծանր էր:
Այդպիսի իրավիճակում ամեն մարդ ՊԲ հրամանատարությունը չէր ստանձնի և այս պայմաններում Արզումանյանի անունը նույնիսկ անուղղակի ձևով դավաճանության հետ կապելը, պարզապես բխում է այս իշխանության անբարոյական հետագծից:
Արզումանյանի անձի հետ կապված հազար հարց ու խնդիր կարելի է քննարկել, սակայն նրա նվիրվածությունն ու անմնացորդ ծառայությունը Հայաստանին ու Արցախին քննարկելի չէ:
Դատարանի վճռի բացակայության, փաշինյանական անփառունակ արդարադատության պայմաններում, ՊԲ ակունքներում գտնվող և 3 տասնամյակ հայրենիքին ամեն ինչ տված զինվորականին վարկաբեկելը, ծանր հանցագործության մեջ մեղադրելը, ոչ այլ ինչ է, քան ուղիղ հարված բանակի հիմքերին, զինվորականներին և բոլոր այն անձանց, ովքեր նվիրական ծառայություն են կրել ու կրում հայկական բանակում:
Ձեր ուզած ցուցմունքները չի՞ տվել, չի՞ համաձայնել «համագործակցել» հայրենիքի հանձնման գործում, թե՞ ուղղակի սկզբունքային է, չկոտրվող ու դա է ձեզ հունից հանում:
44-օրյա պատերազմի բոլոր դրվագները պետք է խոշորացույցով ուսումնասիրվեն ու յուրաքանչյուրն իր մաս պատասխանատվությունը կրի հայրենիքի կորուստի և հազարավոր զոհերի համար, սակայն դա պետք է իրականացվի օբյեկտիվ, բազմակողմանի քննության, այլ ոչ թե փաշինյանական համակարգի սցենարային ու նախապես գրված «եզրակացություններով»»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը