13 03 2023

Սպառազինության ներկրումը դեռ բանակի մարտունակության բարձրացման մասին ոչինչ չի' ասում․ Արա Պողոսյան

Սպառազինության ներկրումը դեռ բանակի մարտունակության բարձրացման մասին ոչինչ չի' ասում․ Արա Պողոսյան

Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Պարզապես սպառազինության ներկրումը դեռ բանակի մարտունակության բարձրացման մասին ոչինչ չի' ասում։
Բանակի մարտունակությունը մեծ կապ ունի հատկապես հոգեբանական շատ հանգամանքներից։
Սակայն զորքերի բարոյահոգեբանական վիճակի բարելավման համար ո'չ հոգեբանական աշխատանքն է արդյունավետ լինելու, ո'չ ուսուցողական։ Որովհետև մենք գործ ունենք պարտվածի հոգեբանական տիպի հետ։ Սրա դեմ պայքարելու միակ տարբերակը ո'չ թե ռեվոլուցիոն, այլ էվոլյուցիոն միջոցներն են։
Դա նշանակում է, բնական վիճակով, հանգամանքների և իրադարձությունների որոշակի զարգացումը հանգեցնում է զորքերի մարտունակության որոշակի մակարդակի ձևավորման։
Որպեսզի ավելի առարկայական լինի խոսքը, սա նշանակում է, որ պետք է զորքը ստանա հաղթանակ տանելու բերկրանք, հաջողված գործունեություն իրականացնելու փաստական առկայություն, որը նրա մոտ կբերի հաղթողի հոգեբանական տիպի ձևավորման, ինչն էլ ուղիղ համեմատական է լինելու զորքերի մարտունակության բարձրացմանը։ Ահա', հենց դրա համար են զորքերը հաճախակի զորավարժություններ կատարում, որտեղ նրանցից շատերը խրախուսվում են, ինչի նպատակը ներշնչելն է, որ նրանք կարող են հաղթել։
Բայց այստեղ մինչ հաղթողի տիպի ձևավորումը տեղի է ունենում բախում` պարտվածի, թույլի ու անհաջողակի և հաղթողի հոգեբանական տիպերի միջև։ Այս բախումը բերելու է որոշակի սթրեսային վիճակի, սեփական ուժերի նկատմամբ անհավատության, կասկածների։ Հենց այստեղ է, որ պետությունը, այս դեպքում զորավարը պետք է ունենա իր հատուկ ստրատեգիան` ինչպես զորքի մոտ ամրացնել հաղթանակի նկատմամբ հավատը։
Շատ զորավարներ են սրա շուրջ մտածել, վստահ եմ, նաև շատ հոգեբաններ։ Բայց զորավարներից շատերը, այդ թվում նաեւ վարպետ Սունը, տվել են հետաքրքիր լուծումներ, որոնց վրա հիմնվելով, ես հաճախ եմ ասում, որ պետք է Հայաստանը ստեղծի նոր էլիտար զորքեր, առանց գործող բանակին դիպչելու։ Գործող բանակից ոչինչ պետք չէ պակասեցնել, կամ եղած ստորաբաժանումները վերակազմակերպել։ Ընդհակառակը, էլիտար զորքերը պետք է ձևավորվեն բոլորովին առանձին, առանց քաղաքացիական հաշվետվողականության, առանց ավելորդ աչքերի ու ականջների։ Էլիտար զորքերը պետք է լինեն բացառապես լավագույնների ծառայության հնարավորություն։ Էլիտար զորքերում ծառայությունը պետք է դառնա ցանկացած զինվորականի նվիրական երազանքը։
Էլիտար զորքեր ասելով նկատի չունենք բացառապես ցամաքային զորքերը, այլ նաև ...:
Այս զորքերը մարտի դաշտում պետք է ունակ լինեն ստեղծել սեփական պրոֆեսիոնալիզմի մեծ պատմություն, լեգենդ, որը նրանց կուղեկցի ցանկացած գործողություն կատարելու ժամանակ։ Նրանց հայտնվելու թշնամու համար պետք է լինի սարսափ, իսկ յուրայինների համար հույսի և հավատի բորբոքում։
Ահա', այս զորքերի առկայության պարագայում, գործող բանակը կկարողանա հեշտությամբ հաղթահարել պարտվողի, թույլի և հաղթողի տիպերի միջև տեղի ունեցող գիտակցական-ենթագիտակցական բախումը, իր կողքին ունենալով ամուր և իրական հենարան, որը կարող է ամենաանսպասելի ժամանակ հայտնվել ու հաղթանակ կերտել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ