06 03 2023

Հետագայում նոր մակագրված դատավորն էլ իր հերթին համարվում է օրենքի խախտմամբ նշանակված․ Ռոբերտ Հայրապետյան

Հետագայում նոր մակագրված դատավորն էլ իր հերթին համարվում է օրենքի խախտմամբ նշանակված․ Ռոբերտ Հայրապետյան

Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Էլի տուժելու է քաղաքացին
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ)` դատավորների լիազորությունների դադարեցման որոշումները նախ և առաջ ազդում են հասարակ քաղաքացիների վրա:
Ընդհանուր իրավասության դատարաններում դատավորներից յուրաքանչյուրի վարույթում միջինում կա 1000-1500 գործ: Գործեր կան, որոնց քննությունը պայմանականորեն կարող է ձգվել երեք կամ չորս տարի: Ընդ որում, այդ գործերի քննությունը, որպես կանոն, քաղաքացիների համար ունի կենսական նշանակություն` թե ժառանգության, թե գույքի, բիզնեսի, թե ազատ տեղաշարժման առումով:
Երբ դատավորների անկախության երաշխավոր ԲԴԽ-ն ի հեճուկս սեփական սահմանադրական նպատակների դադարեցնում է դատավորի լիազորությունը, քաղաքացու գործը մակագրվում է մեկ այլ դատավորի և նախկին դատավորի կողմից դրա քննված լինելու ժամանակահատվածից կամ գործի փուլից անկախ` այն սկսվում է կրկին քննվել 0-ից:
Հարգելի քաղաքացի, կրկնում ենք` ԶՐՈՅԻՑ:
Արդյունքում, խախտվում են վեճ ունեցող քաղաքացիների իրավունքները, առնվազն ողջամիտ ժամկետում գործի քննության իրավական ակնկալիքի տեսանկյունից:
Բացի այդ, պատկերացրեք մեկ այլ իրավիճակ, երբ ԲԴԽ կողմից ապօրինի որոշման հետևանքով լիազորությունները դադարեցված դատավորի մասով կայացված որոշումը վերացվում է: Ստացվում է, որ հետագայում նոր մակագրված դատավորն էլ իր հերթին համարվում է օրենքի խախտմամբ նշանակված: Սա էլ իր հերթին հանդիսանում է բեկանման հիմք:
Վերջնարդյունքում քաղաքացին հայտնվում է սեփական իրավունքների խախտման շրջապտույտի մեջ, չգիտակցելով այսօրվա ծափահարությունների բացասական հետևանքները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ