ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հայտարարությունը․
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության իշխանությունները վիրտուալ տարածքում ինչ որ փաստաթուղթ են քննարկում, որը նրանք կոչում են խաղաղության պայմանագիր։ Խաղաղությունը մարդու բանական մարդու բնածին մղումն է։ Խաղաղությունը ժողովրդների բնական մղումն է։ Հետևաբար, որևէ մեկը չի կարող դեմ լինել խաղաղությանը։ Սա պնդում եմ հստակ, որ երբևէ որևէ մեկը չասի, թե ընդդիմությունը դեմ է խաղաղությանը և պատերազմ է տենչում։
Սակայն, «խաղաղություն» ասելով ի՞նչ են հասկանում մեր թշնամիները, ովքեր զավթել են Արցախի Հանրապետության զգալի մասը, ովքեր շրջափակել են Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները իրար կապող կյանքի միջանցքը, ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և սպառնում են Հայաստանից զավթած տարածքներն Ադրբեջանին բռնակցել։ Հիշեցնեմ․ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը ծագեց, երբ Ադրբեջանը թշնամաբար, ջարդերի միջոցով փորձ արեց արյան մեջ խեղդել Արցախի հայերի ընդվզումը, զրկել արցախցիներին իրենց հիմնարար՝ ինքնորոշման իրավունքից։ Հակամարտությունը խաղաղ ավարտ կունենա, երբ Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրավունքը հարգվի։ Բայց, Ադրբեջանն այսօր էլ ետ չի կանգնել իր մտադրությունից։ Նրանք խաղաղություն չեն ուզում, նրանք Հայաստանի ամբողջական կապիտուլյացի են պահանջում։ Ադրբեջանի մտադրությունները հստակ են։ Իսկ ի՞նչ դիրքորոշում ունեն Հայաստանի իշխանությունները։
Հայաստանի իշխանությունները դեկտեմբերի կեսերին հայտարարում էին, թե խաղաղության բանակցությունների մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Քաշաթաղի միջանցքը փակ էր։ Սակայն, փակ միջանցքը չխանգարեց, որ Ալիևն ու Փաշինյանը հանդիպեն Մյունխենում ու բանակցեն։ Հիմա լուրեր են շրջանառվում Բրյուսելում հնարավոր բանակցությունների մասին։ Փաստորեն, բանակցությունների քաղաքն այդքա՜ն կարևոր էր Հայաստանի իշխանությունների համար։
Ադրբեջանը Հայաստանին պայմանագրի ինչ որ նախագիծ է ներկայացրել։ Ընդամենը 3 - 4 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ բանակցային գործընթացի թափանցիկությունն իրենց համար առաջնային նշանակություն ունի։ Այսօր նրա ղեկավարած իշխանության ներկայացուցիչները 7 փակի տակ են պահում այդ պայմանագրի բովանդակությունը ։ Վերջերս անվտանգության խորհրդի քարտուղարն ինչ որ ակնարկներ էր անում դրա մասին։ Ասում է՝ կարևորը Արցախի հայերի իրավունքներն են։ Ադրբեջանն էլ հայտարարում է, որ պատրաստ է հայ փոքրամասնությանը տա նույն իրավունքները, ինչ ունի Ադրբեջանի ադրբեջանցի մեծամասնությունը։ Այս հարցում կարծես թե Հայաստանի իշխանություններն առարկություն չունեն։ Հիմա ինչ որ մեխանիզմ են քննարկում։ Հետո էլ կասեն․ «Դե, մեխանիզմները կան, դուք բանակցեք, մեր միասիան ավարտված է»։ Սա ընդունելի չէ։ Ժողովուրդը ձեզ մանդատ չի տվել Արցախն Ադրբեջանի գերիշխանությանը հանձնել։ Խոստացել էիք Արցախի դե օկուպացիա և անջատում հանուն փրկության։ Նաև խոստացել էիք ժողովրդին ներկայանել Արցախի հարցի լուծման ձեր մոտեցումները ու կարծիք հայցեք։ Ինչու՞ չեք անում։ Գոնե այդ մի խոստմանը հավատարիմ եղեք»։
Ելույթը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը