Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու քննարկումներից Տիգրան Ավինյանը մեկուսացվել է։
«Փաստինֆոն»-ն ավելի վաղ հայտնել էր, որ իր վստահելի աղբյուրների փոխանցմամբ՝ «ՔՊ»-ում քննարկվում է Երևանում արտահերթ ընտրությունների անցկացման հարցը՝ մայրաքաղաքում վերարտադրվելն ավելի դյուրին դարձնելու համար։ Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, որը նաև հանդիսանում է ՔՊ-ի՝ քաղաքապետի թեկնածու, համենայն դեպս՝ այդ մասին նա հայտարարել էր Սուրմալուի պայթյունի փլատակների վրա, երեկ փորձել էր հերքել այս տեղեկությունը՝ նշելով, թե «այս պահին» արտահերթ ընտրություններ անցկացնելու քննարկում չկա ՔՊ-ում։
Իհարկե, ձևակերպումը շատ հետաքրքիր է՝ Ավինյանը չի հայտարարել, թե նման անհրաժեշտություն չի տեսնում, այս օգտագործել է «այս պահին» ձևակերպումը՝ այդպիսով իրեն մանեւրելու հնարավորություն տալով, որ վաղն արդեն կարողանա հայտարարել է, թե երեկ նման քննարկում չկար, իսկ հիմա կա։ Սակայն հարցն այն է, որ հիմա եւս նման քննարկումներ կան ու իր չհաջողված հերքման մեջ Ավինյանը պետք է նշեր, որ նման քննարկումներ տեղի չեն ունենում՝ իր մասնակցությամբ։
«Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Երևանի ավագանու, այդ թվում արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ քննարկումներին ակտվի մասնակցություն է ունենում հատկապես ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Բանն այն է, որ վերջերս կատարվել են հարցումներ, որոնց արդյունքները, մեղմ ասած, այդքան էլ գոհացուցիչ չեն ու փաստում են Ավինյանի ցածր վարկանիշի մասին։ Հարցումները կատարվել են ամերիկացի գործընկերների կողմից, որոնց արդյունքները մասամբ նախատեսվում է հրապարակել փետրվարի վերջերին, սակայն աշխատակազմում արդեն տեղյակ են դրանց։
Այս հարցումների հիման վրա Փաշինյանի աշխատակազմը գտնում է, որ Ավինյանի թեկնածությունը շահեկան չէ ՔՊ-ի համար, որ նա անհույս է ու ակտիվ քննարկվում է նրա՝ քաղաքական ճակատագրի հարցը։ Այս քննարկումներին, մեր տեղեկություններով, մասնակցություն է ունենում նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որի հետ իշխանությունը մեծ հույսեր է կապում հատկապես Կենտրոն եւ Էրեբունի վարչական շրջաններում ՔՊ-ի օգտին քվեների ապահովման հարցում։
Այս գործիչները այնքան էլ կողմնակից չեն Ավինյանի թեկնածությանը՝ գտնելով, որ նրա՝ քաղաքապետ դառնալու համար պետք է ջանքեր գործադրենք իրենք, բայց արդյունքում Ավինյանն է ամբիցիաներ բանեցնելու։ Ա. Հարությունյանը ու Ա. Սիմոնյանը ժամանակին դեմ են եղել նաեւ Հայկ Մարությանի թեկնածությանը, սակայն այն ժամանակ Փաշինյանը նրանց չլսեց, իսկ այս անգամ, կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը չի շտապում ու կարծես հակված է լսել։
Այլ խոսքով՝ ներկայումս ակտիվ քննարկումներ են գնում, որից Ավինյանին մեկուսացրել են հատկապես վերջին շրջանում, երբ երկու հարցի վերաբերյալ նա նյարդեր է ցույց տվել։ Ավինյանը պարզապես վերջնաարդյունքում կստանա հրահանգավորում, թե ինչ պետք է անի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը