Zham.am-ը գրում է․ Այսօր բոլորը գնահատում են, թե ինչ վնաս ստացավ Թուրքիան այս երկրաշարժի արդյունքում: Տարբեր գնահատականներով Թուրքիայի վնասը կարող է հասնել մինչև այդ երկրի ՀՆԱ-ի 2 տոկոսի չափ: Սակայն տնտեսական վնասից բացի, Թուրքիան կարող է հայտնվել քաղաքական անորոշության մեջ: Բանն այն է, որ մինչ երկրաշարժը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում էր ստորագրել իր որոշումը, որի համաձայն այդ երկրի ընտրությունները պետք է անցնեին սույն թվականի մայիսի 14-ին: Իսկ Արևմուտքն էլ իր հերթին պատրաստվում էր յուրօրինակ «խաչակրած արշավանք» սկսել Էրդողանի դեմ, որպեսզի նա հերթական անգամ չկարողանար վերարտադրվել: Սակայն երկրաշարժը, ամենայն հավանականությամբ կարող է խառնել բոլոր այդ ծրագրերը: Դա հասկանում են նաև Թուրքիայի ընդդիմադիր շրջանակաները: Նրանցից մեկը նույնիսկ հայտարարել է, թե իրենք դեմ չեն լինի, եթե այդ ընտրությունները անցկացվեն, ոչ թե մայիսի 14-ին, այլ հունիսի 18-ին:
Սակայն շատերի կարծիքով, երկրաշարժից հետո Էրդողանը ստացել է բարոյական իրավունք հետաձգել ընտրությունները նույնիսկ մինչև մեկ տարվա ժամկետով: Այդ դեպքում ընդդիմության հակադրությունը կարող է ի վնաս աշխատել հենց իրենց դեմ:
Էրդողանը դեռ այդ մասին չի արտահայտվել, սակայն բոլորն են հասկանում, որ նա չի կարող անցկացնել ընտրությունները մայիսի 14-ին:
Քանզի կարճ ժամանակահատվածում նրան չի հաջողվի դրական արդյունքներ ցույց տալ հետերկրաշարժի ժամանակահատվածում:
Մյուս կողմից ընտրության հետաձգումը Էրդողանին կարող է ժամանակ տալ, որպեսզի նա կարողանա լրացուցիչ քաղաքական դիվիդենտներ ստանալ գալիք ընտրություններում բավարար արդյունք ստանալու համար:
Հաշվի առնելով Թուրքիայի ներքին տնտեսական իրավիճակը, Էրդողանը չի կարող այդ դրական արդյունքը ստանալ երկրի սոցիալ-տնտեսական ոլորտներում և ուրեմն մնում է, որ նա դա արձանագրի արտաքին քաղաքական ոլորտում:
Դժվար չէ կռահել, թե որ հարցում նա կկարողանա այդ արդյունքին հասնել, քանզի նույնիսկ անզեն աչքով էլ երևում է, որ այդ շարքում ամենաթույլ օղակը գտնվում է Հարավային Կովկասում:
Սա է իրականությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը