Օրերս Yerevan.Today-ը գրել էր այն ծանր պայմանների մասին, որում ապրել են զինծառայողները Վարդենիսի Ազատ գյուղում։ Նշել էինք, որ այդ տանը, որը վերածել էին զորանոցի, հոսանքն անգամ անջատված է եղել, հոսանքը քաշել էր զինծառայողներից մեկի հայրը, իսկ ՊՆ-ն հաշվիչը տեղադրել էր ամիսներ անց։ Հունվարի 19-ին զորանոցի վերածած այդ խրճիթում տեղի ունեցավ հրդեհ, որը խլեց 15 ժամկետային զինծառայողի կյանք։
Տեղեկություն էինք ստացել, որ Ազատ գյուղում ևս մեկ խրճիթ կա, որտեղ զինվորներ են բնակվում՝ նման պայմաններում։
Կութեցիները Yerevan.Today-ին հայտնեցին, որ զինվորներով բնակեցված երեք տուն կա Կութ գյուղում։ Երկուսը վերածել են զորանոցի, մեկում ապրում է հրամանատարը։ Տաքանալու համար օգտագործում են ածուխ ու փայտ, իսկ բնակության պայմանները, ըստ նրանց, հաջող չեն։
Ազատ գյուղի նմանությամբ, ճաղավանդակներով խրճիթում են ապրում զինվորներ նաև նույն տարածաշրջանի Ախպրաձոր համայնքում։
Փաստորեն, ՊՆ-ն մինչ խոստանում է իտալական մոդուլային զորանոցներ, որոնք արդեն երկու տարի է՝ տեղ չեն հասնում, հայոց բանակի զինվորները բանակի օրը վաղը՝ հունվարի 28-ին նշելու են խրճիթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը