Ազատ գյուղի՝ զորանոցի վերածված տանը զինվորները մատնված են եղել անտարբերության։ Yerevan.Today-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել զինվորների պայմաններից։
Այսպես, Ազատ գյուղի 1 փողոց 20 տանը, որտեղ տեղակայվել է «զորանոցը», զինվորների տեղակայումից առաջ շուրջ մեկ տարի ոչ ոք չի ապրել։ Հոսանքն անգամ անջատված է եղել։ «Էդ ժամանակ վարդենիսցի զինվորներից մեկի հայրը իր միջոցներով հոսանքի լարեր առավ-բերեց, քաշեցին, որ զինվորները հոսանք ունենան։ Ասում էր տղես էդ պայմաններում ո՞նց ապրի։ Հենասյունից տուն գնացող լարերը լրիվ հին էին, կտրտված, անձրևից քայքայված։ Հոսանքի լարերը քաշեցին, բայց ՊՆ-ն հաշվիչ անգամ չդրեց ու մի տարի առանց հաշվիչի օգտագործել են հոսանքը, երևի համայնքապետարանի վրա էր գնում։ Հրամանատարությունից ասել էին, թե թիկունքի պետին տեղեկացրել ենք, կանի։ Ու տենց ձգձգել են մի տարի։ Այդ ընթացքում որևիցե բարձրաստիճան զինվորական, ՊՆ ներկայացուցիչ չի եկել, որ տեսնի ինչ պայմաններում են»,- ասաց մեր զրուցակիցը։
Մեր հարցին, թե՝ հնարավոր չէ՞ր հոսանքով տաքացնել, պատասխանեց․ «Լրիվ հնարավոր էր հոսանքով տաքացնել, բայց պլիտա բերողն ո՞վ էր, լրիվ բարձիթողի վիճակ էր»։
Ի դեպ, Ազատ գյուղում ևս մեկ խրճիթ կա նման պայմաններով, որ զինվորներ են բնակվում, օգտնվում են սեփականատիրոջ հաշվիչից, և ամեն ամիս վճարում։ «Տանում-մուծում էին, բայց իրենց գրպանից էր, թե ՊՆ-ն էր տալիս, չգիտեմ»։
Ի դեպ, մեր զրուցակիցը զարմացել է վարչապետի «պաշտոնական վարկածը» լսելով, թե՝ վառարանում ավտոբենզին են օգտագործել, ինչից տեղի է ունեցել ողբերգությունը։ «Իրենց բոլոր մեքենաները դիզելով աշխատող ծանր տեխնիկաներ էին, բենզինն ի՞նչ գործ ուներ»,- ասաց նա։
Մեր զրուցակցի անունը չենք հրապարակում, քանի որ անմիջապես իշխանությունը թիրախավորեց վառված սպային, հարցազրույց տված դասակի հրամանատարին, և կասկածները մեծ են, որ անմիջապես կգնան մեզ տվյալներ փոխանցած քաղաքացու հետևից՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու փոխարեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը