Հարյուր քսան հազար մարդկանց պաշարման պետական քաղաքականությունը, նրանց դեմ ուժի կիրառման ամենօրյա սպառնալիքներով հանդերձ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի անդամի՝ Ադրբեջանի կողմից: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից՝ այս մասին ընդգծել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հարցով իր ելույթում:
«Պարո՛ն նախագահ, Ձեզ քաջ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղն ավելի քան 40 օր է՝ պաշարված է Ադրբեջանի կողմից: Մեր կազմակերպությանն իր անդամակցության ամբողջ ընթացքում Ադրբեջանը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվել է քաղաքական բռնությամբ եւ պատերազմով՝ որպես պետական քաղաքականության գործիքներ եւ միջոցներ: Ադրբեջանի կառավարությունը շարունակաբար արմատական ռասիզմի եւ էթնիկ զտումների քաղաքականություն է վարել «այլոց» եւ հատկապես՝ հայերի դեմ: Ադրբեջանի պետական քաղաքականության մեկ այլ բնորոշ գիծն էլ Եվրոպա նավթի եւ գազի արտահանման ներուժի շահարկումն է՝ որպես իր եզակի առավելություն: Ուստի մեզնից յուրաքանչյուրը կարող է որոշել՝ նման քաղաքականությունը ֆաշի՞զմ է, ազգային ռադիկալի՞զմ, թե՞ պետական ահաբեկչություն:
Այսօր կխնդրեի ձեզ մտորել երեք հիմնական ուղղություններով.
120.000 մարդկանց պաշարման պետական քաղաքականությունը, նրանց դեմ ուժի կիրառման ամենօրյա սպառնալիքներով հանդերձ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի անդամի կողմից: Ադրբեջանի անպատիժ անդամակցությունը հանգեցրել է այս ավտորիտար ռեժիմի անպատժելիության զգացման ամրապնդմանը եւ մեր կազմակերպությունը վերածել հայ ժողովրդի դեմ իր ագրեսիվ քաղաքականությունը լեգիտիմացնող գործակալության:
Այս վեհաժողովում ներկայացված բազմաթիվ պետություններ ճանաչել են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Լեռնային Ղարաբաղի պաշարումն այդ հանցագործության հաջորդ փուլն է: Ընդ որում, մարդկության դեմ այդ հանցագործությունը դեռեւս ժխտվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: Ադրբեջանի այս պետական հանցավոր քաղաքականությունը եւ որեւէ ու երբեւէ հնարավոր խաղաղ գործընթաց չպետք է խառնել իրար. մարդկանց էթնիկ պատկանելության պատճառով խմբային պատժի ենթարկելը ռազմական հանցագործություն է: Սա բանակցության հետ կապ չունի: Հետեւաբար, սա չդատապարտելը հստակ նշանակում է աջակցել այս հանցագործության իրականացմանը, այլ ոչ թե ճանապարհ է թողնում դիվանագիտության համար:
Այն, ինչ այսօր կատարվում է Լեռնային Ղարաբաղում, սոսկ հումանիտար աղետ չէ: Դա այժմ ավելի մեծ խնդիր է, քան պարզապես հայ-ադրբեջանական խնդիրը, կամ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը: Խոսքը Եվրոպայի քաղաքակրթական ինքնության մասին է: Այժմ խոսքը մի կողմից ժողովրդավարության, արժանապատվության եւ խաղաղության, իսկ մյուս կողմից՝ «էներգետիկ անվտանգության», ամոթի եւ ոտնահարումների միջեւ ընտրության մասին է: Պատմությունը մեզ հուշում է, թե որն է խայտառակ ընտրությունների գինը:
Պարո՛ն նախագահ, ավարտելով խոսքս՝ թույլ տվեք ասել, որ Հարավային Կովկասի հայությունը, լինի Հայաստանում, կամ՝ այս օրերին շրջափակված Լեռնային Ղարաբաղում, դարեր շարունակ պայմաններ է ստեղծել ոչ միայն մեր՝ բնիկ ազգային մշակույթի եւ ինքնության պահպանման ու զարգացման համար, այլեւ այդ հարցերում օգնել է շատ այլ ազգերի: Չնայած մեր աշխարհագրական եւ ժողովրդագրական չափերին եւ շարունակական մարտահրավերներին՝ մենք շարունակելու ենք այս առաքելությունը՝ անկախ նրանից՝ դա ինչ-որ մեկին դո՞ւր է գալիս, թե՞ ոչ»,- նշել է պատգամավորն իր ելույթում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը