23 01 2023

Նիկոլիզմի հանրային «հենարանն» այլևս ասելիք չունի և քայքայման եզրին է. Արտակ Զաքարյան

Նիկոլիզմի հանրային «հենարանն» այլևս ասելիք չունի և քայքայման եզրին է. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.

«Այսպես շարունակվելու դեպքում` Երևանում պայթելու է համաժողովրդական ցասումը: Անդառնալի զայրույթի են հասցնում մարդկանց: Մի մասն անկարողությունից քիչ է մնում լաց լինի, մեծ մասն անթաքույց հայհոյում ու անիծում է: Վերահաս վտանգի, անորոշության ու անտերության զգացողություն է օդում կախված: Խուլ ու բաղաձայն դժգոհություն է հասունանում:

Նիկոլիզմի հանրային «հենարանն» այլևս ասելիք չունի և քայքայման եզրին է: Նիկոլիզմին պաշտպանող ցնդաբանություններն ավելի են բարկացնում մարդկանց` խորացնելով և սրելով դժգոհությունները: Լայն հասարակության համար, նրանց խաբեություններն այլևս պատրանքներ չեն ստեղծում:

Ուժային կառույցներում  և պետական ապարատում մարդիկ մտովի կանգնել են երկու ընտրության առջև` ամսվա աշխատավա՞րձ, թե՞ երաշխավորված Հայրենիք: Մի կողմից տեսնում են «իշխանությունների» գործունեության հետևանքով պետության ու ժողովրդի գլխին կուտակված փորձանքները, մյուս կողմից` ստիպված են լռել ու սպասել: Այնինչ այդ համբերության բաժակն էլ է լցվում:

Արցախում, Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում, Տավուշում մարդիկ դեռ լուռ համբերում են, բայց դա էլ սահման ունի: Ամենօրյա վտանգի մեջ ապրող մարդուն չե´ս կարող համոզել, որ նա համակերպվի վտանգի պատճառի հետ (նիկոլիզմ): Մարդիկ հիմար չեն, ամեն բան տեսնում ու հասկանում են:

Բիզնեսմենը, ուսուցիչը, բժիշկը, հողագործը, շինարարը, արհեստավորն ու ուսանողն ապագայի համար տեսլական չունեն: Ոչ ոք չգիտե, թե ի՞նչ է սպասվում իրեն այսպես շարունակվելու դեպքում: Բոլորն ասում են, որ դրական սպասելիքները վաղուց հոդս են ցնդել:

Մարդկանց որոշ մասը, որ մտածում էր Հայաստանը լքելու և Սփյուռքի շարքերը համալրելու մասին, այժմ հասկանում է, որ ներկայիս աշխարհում դա էլ լուծում չէ և հղի է նոր դժվարություններով ու անորոշություններով...

Հայն արթնանում է: Հայի գենը նորից գլուխ է բարձրացնում ընդդեմ ներքին ու արտաքին թշնամիների: Հայը կրկին իր մեջ ուժ է փնտրում, և գտնելու է ու բռունցքվելու է` ինչպես Սարդարապատում էր, Արցախում էր, երկրաշարժի պատճառած մեծ աղետի օրերին էր...

Աստծո ստեղծած և պահած ժողովրդին բարոյազրկել, կոտրել, հայրենազրկել ու վերացնելը հնարավոր չէ´: Հարյուր Նիկոլ էլ լինի` չի´ ստացվելու:
Վերածնունդ լինելու´ է»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ