Երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը՝ «Հայկական ժամանակը», իրեն բնորոշ, տրամադրություններ շոշափող ու կոնկրետ անձանց մեսիջներ փոխանցող մի տեսանյութ հրապարակեց, որում շատ թափանցիկ ակնարկներ կային՝ ուղղված Սուրեն Պապիկյանին: Տեսանյութի վրա վերտառություն կար՝ 31.12.2022թ. չհրապարակված կադրեր: Այս մասին գրում է 168.am-ը:
Ամանորյա սեղանի մոտ, գավաթը ձեռքին կենաց ասող Նիկոլ Փաշինյանը, դիմելով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, ասում է, որ չի լինելու այլևս այնպես, որ որևէ բան նկատելու չտան, և յուրաքանչյուր նրբության անդրադառնալու են:
«Շարքայինից սկսած մինչև շտաբի պետ, հագուստից սկսած, զենքից սկսած, անհատական պաշտպանության միջոցներով շարունակած… Այլևս չկա ոչ մի կոմպրոմիս, զինվորական ծառայության մեջ՝ առավել ևս: Որևէ դիրքում ես մտնեմ, շարժուձևից սկսած, մի բան էն չեղավ, կոնկրետ տեղում որոշումներ են կայացվելու»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ սա 2022թ. դեկտեմբերի 31-ն է, և, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը դժգոհ է մնացել դիրքեր իր այցելությունից, և 168.am-ի տեղեկություններով՝ ոչ միայն այս տեսանյութի ընթացքում, այլ Սուրեն Պապիկյանի հետ առանձնազրույցի ժամանակ շատ խիստ տոնով նրան ասել է՝ իրեն դիրքերում պատշաճ չեն դիմավորել, ըստ կարգի պատվի չեն առել:
Մենք չգիտենք, իհարկե, ինչ ու ինչքան է հասկանում Նիկոլ Փաշինյանը զինվորական կարգապահությունից, բայց որ Սուրեն Պապիկյանը մտածելու բան ունի, ակնհայտ է. Նիկոլ Փաշինյանի մոտ նման բաներն անհետևանք չեն անցնում: Ավելին, նա մեծագույն փորձ ունի՝ նաև յուրայիններին զոհաբերելով՝ փորձել «մաքրվել»՝ պատասխանատվությունից խուսափել, իր կաշին փրկել: Դրանում իրենց փորձով՝ լրագրողին «փուռը տալու» ուրույն ձեռագրով համոզվել էին նրա ընտանեկան լրատվամիջոցի նախկին աշխատակիցները, երբ Փաշինյանը խմբագիր էր, դրանում արդեն համոզվում են նաև ՔՊ-ականները: Դա է պատճառը, որ ՔՊ-ականները, ինչպես իրենց ղեկավարը, կոմպրոմատներ են հավաքում՝ հետագայում իրենց անձը նրանից պաշտպանելու համար:
Մեր տեղեկություններով՝ դիրքեր վերոնշյալ այցելությունից հետո Սուրեն Պապիկյանը թեժ զրույց է ունեցել բանակի ղեկավարության հետ, իսկ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի այցելությունը ՊՆ ավելի վաղ է պլանավորված եղել, որը, սակայն, հետաձգվել է:
Ակնհայտ է, որ «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունները սեպ են խրել Նիկոլ Փաշինյան-Սուրեն Պապիկյան հարաբերություններում, և Նիկոլ Փաշինյանը նման կսմիթներով բացահայտորեն ինչ-որ բան է հասկացնում Պապիկյանին:
Իսկ ուղիղ հետևանքները վրա կհասնեն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը չեզոքացրած կլինի բոլոր վտանգներն ու վստահ կլինի՝ Սուրեն Պապիկյանն այնքան ռեսուրս չունի, որ ՔՊ-ի ներսում կարողանա հեղաշրջում անել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը