Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական հեղինակավոր France 24 հեռուստաընկերությանը՝ ներկայացնելով իրավիճակը Արցախում: Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ընթացքում սա Արցախի պետնախարարի երկրորդ հարցազրույցն է այս հեռուստաընկերությանը:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարող է անել և ինչպես կարող է օգնել Եվրամիությունը՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ Եվրոպան կարող է Ալիևի ռեժիմի վրա ճնշում գործադրել, բացատրել, թե ինչ պատժամիջոցներ կարող են կիրառվել նրա դեմ և ցույց տալ, որ անընդունելի է 120 հազար մարդու, 30 հազար երեխայի ձմռան պայմաններում զրկել ջեռուցումից. «Եվրոպացիները պետք է ճնշում գործադրեին և ասեին, որ սա անընդունելի է, որ իրեն Դավոս չեն հրավիրի և ինքն այդ քաղաքակրթության մաս չի կազմի։ Կարող են օդային միջանցք ստեղծել, որպեսզի մարդասիրական ինքնաթիռները կարողանան Ստեփանակերտում վայրէջք կատարել և բերել մեզ այդքան անհրաժեշտ պարեն ու դեղորայք։ Նաև կարծում եմ, որ այս պատմությունն ավարտելու լավագույն ձևը կլինի Արցախը որպես անկախ պետություն ճանաչելը։ Որովհետև Ադրբեջանը չի կարողանում նորմալ կյանքի պայմաններ ապահովել ոչ միայն հայերի, այլ նույնիսկ իր ժողովրդի համար։ Ներկայիս իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հնարավոր չէ ապրել Ադրբեջանի կազմում, որտեղ այդքան ճնշում և այդքան հարձակումներ են լինում քաղաքացիական բնակչության նկատմամբ»։
Ի պատասխան հարցի, թե ինչպես է շրջափակմանը դիմանում Արցախի ժողովուրդը՝ պետնախարարը նկատել է, որ չնայած այս բոլոր դժվարություններին, մարդիկ ամուր են. «Նրանք ասում են, որ քանի որ պայքարում են իրենց անկախության համար, պատրաստ են մնալ և ցույց տալ խիզախությունը և տուրք չտալ ճնշումներին։ Ժողովուրդը հասկանում է իրավիճակը և ընդունում է, որ դժվար ժամանակաշրջան է, որը շարունակությունն է այն պատերազմի, որ 2020թ․ նոյեմբերի 9-ին չէր ավարտվել։ Ուստի մարդիկ այստեղ պատրաստ են պայքարել՝ չնայած այս բոլոր ճնշումներին»։
France 24-ի այն հարցին, թե ու՞մ ձեռքում է լուծման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տառապանքներին վերջ դնելու բանալին, Ռուբեն Վարդանյանն ասել է, որ այս ամենի հիմնական «շահառուն» Ալիևի ռեժիմն է, որովհետև արտաքին թշնամի ունենալն թույլ է տալիս պահել իր ռեժիմը. «Չմոռանանք, որ տասնամյակներ շարունակ երկիրը ղեկավարում է մեկ ընտանիք։ Ուստի երկրի ներսում միասնականություն պահելու համար միակ միջոցը արտաքին թշնամի ունենալն է, ում միշտ կարելի է օգտագործել սեփական ժողովրդին կոնսոլիդացնելու համար։ Այդ իսկ պատճառով՝ բանալին Ադրբեջանի ժողովրդի ձեռքում է, որովհետև նրանց երեխաներն են մահանում պատերազմի ժամանակ, իրենք աղքատ են՝ չնայած որ այդքան նավթ և գազ ունեն։ Իսկ միջազգային քաղաքակիրթ հանրությունը պետք է բացատրի, որ սա անընդունելի է։ Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, Թուրքիան մեծ խաղացողներ են, սակայն, վերջ ի վերջո, մեր նպատակն ու պատասխանատվությունն է ցույց տալ նպատակասլացություն և խիզախություն՝ պաշտպանելու մեր անկախությունը։ Մի օր Արդբեջանը պետք է հասկանա, որ կողք կողքի ապրելու միակ ձևը հարևաններ լինելն է և ոչ թե Ադրբեջանի մաս կազմելը»։
Արցախի պետնախարարը նկատել է նաև, որ Եվրոպան շարունակում է Ադրբեջանի հետ առևտրային գործունեությունը՝ ընդունելով ավտորիտար ռեժիմը, որը փորձում է քանդել Արցախի պես ժողովրդավարական երկիրը։ Նա դա համարել է «մեծ խաղացողներից շատերի երկակի ստանդարտների օրինակ»: «Ռուսաստանը, Եվրոպան, ԱՄՆ-ը կարող են մեծ դերակատարում ունենալ։ Ֆրանսիան այն բացառիկ երկրներից մեկն է, որ շրջափակման առաջին իսկ օրից սատար է կանգնել Արցախի հայերին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել դրա համար։ Կարծում եմ, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը պետք է վերադառնան Մինսկի խմբի սեղանի շուրջ և փորձեն երեք կողմից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը