13 01 2023

Հայկական իրավունքում իրավաբանական մեթոդաբանության անտեսված դերի մասին. Գոռ Հովհաննիսյանի գրառումը

Հայկական իրավունքում իրավաբանական մեթոդաբանության անտեսված դերի մասին. Գոռ Հովհաննիսյանի գրառումը

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոռ Հովհաննիսյանը, որ ապրում ու աշխատում է Գերմանիայում, գրում է հայկական իրավունքում իրավաբանական մեթոդաբանության անտեսված դերի մասին.

«Հայկական դատական ակտերն ընթերցելիս աչք է ծակում, որ դատավորներն իրավանորմերը ո՛չ մեկնաբանել գիտեն, ո՛չ կիրառել։ Բոլոր դատական ակտերում հետևյալ պատկերն է․ դատավորը էջերով ուղղակի իրար հետևից բառացիորեն արտագրում է օրենքների նորմերը («Ըստ էսինչ օրենքի էնինչ հոդվածի՝․․․ Համաձայն՝․․․» ու էսպես մի քանի էջ)։ Դրանից հետո պարտադիր գրում է հետևյալ տխմար նախադասությունը՝ «Սույն նորմերի վերլուծությունից բխում է, որ․․․» ու նորից կրկնում այն, ինչ գրված է օրենքում։ Ոչ մի մեկնաբանություն, օրենքներում գործածված իրավական հասկացությունների ոչ մի սահմանում, ոչ մի պարզաբանում, թե օրենքի ո՛ր բառն ի՛նչ է նշանակում։

Սրա պատճառներից մեկն իրավաբանական մեթոդաբնությունից անտեղյակ լինելն է։
Գործող իրավունքի նորմերը հասկանալու և դրանք կիրառելու կանոնները մեզ տրամադրում է իրավաբանական մեթոդաբանությունը։ Նա է մեզ ասում, թե որոնք են ընդունելի իրավաբանական փաստարկները, և ինչպես ու ինչ հանգամանքներում դրանք կարող են կիրառվել։ Իրավաբանական մեթոդաբանությունն այդպիսով օգնում է նաև խուսափել փաստարկման սխալներից կամ հայտնաբերել դրանք։

Միայն շատ սահմանափակ չափով է մեթոդաբանությունը վերաբերում բովանդակություններին։ Անշուշտ մեթոդաբանությունը չպետք է կույր գործիք լինի անարդարությունների համար։ Բայց նրա խնդիրը չէ ոչ անարդար օրենքի դեպքում իրագործել նրա քաղաքական կամ բովանդակային նպատակները։

Նաև շատ ճիշտ մեթոդական փաստարկման դեպքում կարող է պարզվել, որ միևնույն օրենքից կարելի է արտածել երկու տարբեր արդյունքներ։ Դա չպետք է զարմացնի, որովհետև մեթոդաբանությունը միայն ասում է, թե ո՛ր փաստարկներն են թույլատրելի և որոնք՝ ոչ, և թե փաստարկի ո՛ր տեսակն ընդհանուր առմամբ ի՛նչ կշիռ ունի։ Բայց նա չի կարող բովանդակային իմաստով բոլորի համար պարտադիր ուժով ասել, թե ո՛ր փաստարկն է կոնկրետ դեպքում ավելի համոզիչ։

Հետևաբար, կարելի է իրավաբանական մեթոդաբանության խնդիրը ձևակերպել այսպես․ նա սահման է գծում ընդունելի իրավաբանական փաստարկման և անընդունելի իրավաբանական փաստարկման միջև։ Նա կարող է նաև մեզ օգնել փաստարկները ճիշտ դասակարգելու և դրանց կշիռը ճիշտ որոշելու հարցում։ Բայց մեթոդաբանությունը չի երաշխավորում մի որոշակի արդյունք, ոչ էլ, առավել ևս, երաշխավորում է ճիշտ արդյունքը։ Մեթոդաբանությունը կարող է զենք լինել ընդդեմ օրենքների տեքստերի գաղափարաբանական խեղաթյուրման։
Բացի դրանից, իրավաբանական մեթոդաբանությունը նպաստում է իշխանությունների բաժանմանը։ Դատավորը չունի մեթոդների ընտրության ազատություն։ Իրավաբանական մեթոդաբանության ճանաչված կանոնները պահպանելը սահմանադրական պահանջ է։ Օրենքով կաշկանդված լինելը (ՀՀ Սահմ․ 164-րդ հոդ․) դատավորի համար նշանակում է նաև կաշկանդվածություն իրավաբանական մեթոդաբանության ճանաչված կանոններով։ Հակառակ դեպքում դատավորի որոշումը կլինի ՀՀ Սահմ․ 28-րդ հոդվածի պահանջը խախտող ԿԱՄԱՅԱԿԱՆ որոշում (ինչպիսին որ հիմա հայկական  դատական ակտերն են)։

Գերմանիայի Դաշնային ՍԴ-ն իր որոշումներից մեկում ասում է․ «Գերիշխող կարծիքը, որին հետևել են դատարանները, հենվում է մեկնաբանման ընդունված մեթոդների վրա։ Այդ պատճառով այդ կարծիքը բոլոր դեպքերում կամայական չէ»։

Նշված պատճառով մեթոդաբանական հարցերը նաև ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ են։
Իրավաբանական մեթոդաբանությունը չի կարելի անտեսել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ