12 01 2023

Ռուբեն Վարդանյանը չի ցանկանում մեկնաբանել «քաղաքական գործիչ» Փաշինյանի խոսքերը



Երևան-Ստեփանակերտ ընթացող տեսակամուրջի ժամանակ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանին հարց ուղղվեց առ այն, որ Փաշինյանը բազմիցս հայտարարել  է ՝  Լաչինի միջանցքը նոյեմբերի 9-ի փաստաթղթով գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո  և փակված ճանապարհը պետք է բացեն ռուսները , Հայաստանն այստեղ անելիք չունի․ կիսո՞ւմ է արդյոք Ռուբեն Վարդանյանը  Փաշինյանի տեսակետը  հարցին ի պատասխան  նշեց․

«Ես ուղղակի չեմ ուզենա մեկնաբանել քաղաքական գործչի խոսքերը, ուղղակի կառաջարկեմ գալ, մեր կողքին կանգնել ու տեսնել, թե ինչքան մեծ դեր է խաղում ռուս խաղաղապահն այսօրվա իրավիճակում այստեղ։  Ինձ թվում է՝ խոսքերն ուղղակի արժեքը կորցրել են։ Ռուս խաղաղապահների մոտ, իսկապես, ծանր իրավիճակ է։ Իհարկե, մենք կուզենայինք, որ ռուս խաղաղապահների մոտ ավելի հստակ լինի իրենց մանդատը, ավելի երկարաժամկետ և ավելի խոշոր անձնակազմ լինի այստեղ ներգրավված։ Իրենք չլինեին՝ հիմա մենք կարող է շատ ավելի դժվար իրավիճակում լինեինք»,-ասաց Ռուբեն Վարդանյանը՝ վստահեցնելով, որ դրսում ապրելով գնահատելը շատ հեշտ է։

« Մենք այստեղ տեսնում ենք իրենց իրավիճակը և ամեն կերպ համագործակցում ենք այդ իրավիճակից դուրս գալու բանաձևը գտնելու համար։ Դա միակ ճանապարհն է, քննադատելով ոչ մի բանի չենք հասնի, միայն կօգնենք Ադրբեջանին։ Ռուս խաղաղապահները պետք է մնան այստեղ տասնյակ տարիներով և ապահովեն անվտանգությունը», - ասաց Ռուբեն Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ