26 12 2022

Կարևոր է եկեղեցականի նվիրյալ ծառայությունը ժողովրդին՝ հավատ և հույս ներշնչելու հայորդիներին, սերմանելու հայրենիքի, ազգային ու հոգևոր արժեքների նկատմամբ անսակարկ սեր և նվիրում․ Գարեգին Երկրորդ

Կարևոր է եկեղեցականի նվիրյալ ծառայությունը ժողովրդին՝ հավատ և հույս ներշնչելու հայորդիներին, սերմանելու հայրենիքի, ազգային ու հոգևոր արժեքների նկատմամբ անսակարկ սեր և նվիրում․ Գարեգին Երկրորդ

Դեկտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սույն թվականի նոյեմբերի 13-ին Մասյացոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում քահանայական կոչմանն արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջան անցած նորաօծ վեց քահանաներին՝ առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի:

Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն է բերել քահանա հայրերին հովվական ծառայության կոչվելու առիթով և նրանց մաղթել Աստծու զորակցությունն ու առաջնորդությունն իրենց ծառայության ընթացքին՝ ընդգծելով, որ եկեղեցականի ծառայությունը պետք է ուղեկցվի անձնազոհ և հանձնառու ոգով, իր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ լինելու բարձր գիտակցությամբ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը քահանա հայրերին պատգամել է, որ այս դժվարին ժամակաշրջանում, առավել քան երբևէ, կարևոր է եկեղեցականի ամբողջական և նվիրյալ ծառայությունը ժողովրդին՝ հավատ և հույս ներշնչելու հայորդիներին, ամրացնելու նրանց լավատեսության ոգին, սերմանելու հայրենիքի, ազգային ու հոգևոր արժեքների նկատմամբ անսակարկ սեր և նվիրում:

Հանդիպման վերջում Նորին Սրբությունը օրհնել է քահանաներին՝ նրանց ընծայելով ձեռաց խաչեր և սուրբ Հաղորդության մասնատուփեր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ