Արդեն 11 օր է Արցախը շրջափակման մեջ է, ես գիտեմ, որ հոգեբանական առումով ծանր է իրավիճակը, որովհետև մի մասի մոտ կուտակված էմոցիան և ագրեսիան է, թե ինչո՞ւ ոչ մի բան չի արվում, մյուսների մոտ, որոնք հույս ունեին, որ սա արագ է վերջանալու, սկսվել է դեպրեսիա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ հեռարձակման ժամանակ ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Ես ուզում եմ, որ դուք հավատաք, որ մենք ամեն ինչ անում ենք, որ հնարավորինս արագ փոխենք իրավիճակը։ Իսկապես իրավիճակը ծանր է սննդի, վառելիքի հարցով, մենք ամեն ինչին հետևում ենք, փորձում լուծումներ գտնել։ Այսօր էլ հանդիպելու եմ ծնողների հետ, որոնց երեխաները մնացել են Հայաստանում։ Մենք ունենք խնդիր, որ ցավոք մի քանի մարդ մահացել է և չենք կարողանում աճյունները բերել Արցախ, ունենք խնդիր, որ ընտանիքները բաժանված են, և չեն կարողանում տուն վերադառնալ»:
Վարդանյանը նշեց, որ զանգարահել է իր ընկերներից մեկը, և ասել, որ իրեն վատ է զգում, որ ստեղծված իրավիճակում չի կարող օգնություն ցուցաբերել, ինչի ի պատասխան, Վարդանյանը հայտնել է․ «Ես ասացի՝ ես հիմա երջանիկ եմ, ես հիմա ամենաերջաիկ մարդն եմ, ես 54 տարեկան եմ, լինելով երջանիկ, հաջողված բինզեսմեն, երջանիկ հայր, ամուսին ու որդի, երևի հիմա իմ ամենաերջանիկ օրերն են, որ աշխատում եմ իմ ազգի համար, գիտելիքները, փորձը դրել եմ ամենակարևոր բանի համար՝ ոնց անել, որ իմ հայրենքը մնա անկախ, ինքնուրույն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը