Mediahub.am-ը գրում է․
Արցախի պետնախարարի պաշտոնը ստանցնձնելուց հետո Ռուբեն Վարդանյանի սկսած կադրային ջարդը նոր թափ է ստանում։
Նա իր թիմը ձևավորելու համար Փաշինյանի մերձավորներին, վերջինիս թիմում աշխատած մարդկանց է տանում Արցախ։
Օրինակ, այս պահին Վարդանյանի խորհրդականներից մեկը «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանն է, ով Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին է, ՔՊ-ական գործարար Խաչատուր Սուքիասյանի մտերիմը։ Պետնախարարի մյուս խորհրդականն էլ Մեսրոպ Առաքելյանն է, որը Փաշինյանի իշխանության օրոք ստանձնել էր, նախ, վարչապետի խորհրդականի, ապա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը։
MediaHub.am-ի տեղեկություններով՝ Վարդանյանը նպատակ ունի ազատվել այն մարդկանցից, որոնք դեմ են Արցախի հարցում հայաստանյան իշխանության վարած քաղաքականությանը։ Այսպես, օրինակ, դեկտեմբերի 19-ին Վարդանյանն աշխատանքից ազատել է իր խորհրդական Արթուր Հայրապետյանին, որը նաև «Առաջ Արցախ» ՀԿ ղեկավարն է, և ակտիվ պայքար էր տանում Արցախում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու դեմ։
«Մեր խոսակցության ընթացքում ինքն ինձ ասաց՝ գիտեմ, որ հայրենասեր տղա ես, բայց իմ թիմում տեղ չունես»,- MediaHub-ի հետ զրույցում պատմեց Հայրապետյանը։
Նա նշեց, որ այս խոսակցությունը եղել է այն ժամանակ, երբ դեռ Բերձորի միջանցքը փակված չէր։ Հայրապետյանը պատմեց, որ ինքը բավականին կոշտ է արձագանքել Վարդանյանի խոսքին, ինչը պետնախարարին անակնկալի է բերել։
«Մենք խոսակցություն ունեցանք, ես իրեն ասել եմ, որ պետք է Հայաստանից կադրեր գան Արցախ, քանի որ դրանով մենք ավելի ուժեղ կդառնանք։ Նաև պատրաստակամություն եմ հայտնել իրեն օգնել Արցախը շենացնելու հարցում։ Ներկայացրել եմ նաև այն հինգ ոլորտները, որոնցում գործունեություն եմ ծավալել։ Ինքն էլ ինձ ասաց՝ տեղյակ եմ, որ կազմակերպիչ տղա ես, հայրենասեր տղա ես, բայց իմ թիմում տեղ չունես։ Ես էլ պատասխանեցի՝ գիտեմ, որ իր թիմում տեղ չունեմ, քանի որ ինքը Նիկոլի մարդկանց է տեղ տալիս, նրա շրջապատի մարդկանց է բերում։ Հետո էլ նշեցի, որ իմ թիմն Արցախն է, իսկ ինքը ինչպես եկել, այդպես էլ գնալու է»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։
Արթուր Հայրապետյանը նկատեց նաև՝ 44-օրյա պատերազմից հետո գումար չկորցնելու նպատակով Արցախից առաջինն իր բանկը հեռացրած Վարդանյանն ազատվում է հայրենասեր կադրերից։
«Ես այդ ամենն իր դեմքին ասել եմ, ինքն էլ փրփրեց, կատաղեց, երևի չէր սպասում, որ այդպես կպատասխանեմ։ Ես էլ նշել եմ, որ տաս անգամ մեռել-վերակենդանացել ենք, թշնամու տանկից չենք վախեցել, իրենի՞ց պիտի վախենանք»,- ասաց Արթուր Հայրապետյանը։
Հարցին, թե արդյո՞ք սա Վարդանյանի վրեժն է իրենից այն բանի համար, որ ինքը դեմ է արտահայտվել Արցախում սահմանադրական փոփոխություններին, Հայրապետյանը պատասխանեց՝ այո։
«Սա քաղաքական հետապնդում է, քանի որ ակցիաների ընթացքում առաջացած հանրային ճնշումը պատճառ դարձավ, որ սահմանադրական փոփոխություններ չլինեն Արցախում։ Ինքն այդ ամենը շատ ծանր է տարել։ Հակառակ դեպքում ինչպե՞ս հասկանալ միտքը, որ ես հայրենասեր տղա եմ, բայց իրենց թիմում տեղ չունեմ։ Ուրեմն իրենց նպատակն Արցախը շենացնելը չի»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։
Նրա դիտարկմամբ՝ Վարդանյանը Արցախի 120 հազար բնակչին բաժանում է իր թիմակից ու ոչ թիմակիցների, ու դրանով իսկ արդեն վտանգում հայկական երկրորդ պետության անվտանգությունը։ Բացի այդ, նրա համար զարմանալի է, որ այս օրերին, երբ Արցախը շրջափակման մեջ է, Վարդանյանի ամենակարևոր որոշումն իրեն աշխատանքից հեռացնելն է։
«Դեկտեմբեերի 19-ին ինձ աշխատանքից ազատելու որոշում է ստորագրգվել, այսինքն՝ Վարդանյանին այս պահին ամենաշատը այդ հարցն էր հուզում։ Նույն Նիկոլի քաղաքականությունն է, կադրային ջարդ է անում ու իր թիմակիցներին բերում, ու դա անում է այս դժվարին ժամանակահատվածում։ Դասական պոպուլիզմ»,- ամփոփեց խոսքը Արթուր Հայրապետյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը