14 12 2022

Կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին հրաժարական ներկայացնել. «Զարթոնք»

Կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին հրաժարական ներկայացնել. «Զարթոնք»

Միջազգային կառույցների և պետությունների քաղաքական ճնշումների բացակայության պայմաններում, Արցախը սնուցող միակ զարկերակը փակելու գործի հաջողումը ադրբեջանական իշխանության կողմից համարվելու է ցեղասպանության արտոնություն: Այս մասին հայտարարություն է տարածել «Զարթոնք» կուսակցությունը»:

Հայտարարության մեջ ասվում է. «Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կապն ապահովող միակ միջանցքը փակելու և հումանիտար աղետին ձգտող ադրբեջանական նենգ քայլը հերթական անգամ ապացուցում է, որ՝

ադրբեջանական իշխանությունը մտադիր չէ ապահովելու հայ ազգի անվտանգությունը Արցախի Հանրապետության տարածքում.

ադրբեջանական իշխանությունը մտադիր չէ պահպանելու իր կողմից ստորագրած փաստաթղթերով սահմանված պայմանավորվածությունները:

Կուսակցության գործադիր մարմինը գտնում է, որ ադրբեջանական իշխանության կազմակերպած այս գործընթացը (փորձը) տեղավորվում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և  պատժելու մասին» Կոնվենցիայի (1948թ.) 2-րդ հոդվածում նշված միջազգային հանցագործության սահմանման ներքո:

Միջազգային կառույցների և պետությունների քաղաքական ճնշումների բացակայության պայմաններում, Արցախը սնուցող միակ զարկերակը փակելու գործի հաջողումը ադրբեջանական իշխանության կողմից համարվելու է ցեղասպանության արտոնություն:

Կուսակցության գործադիր մարմինն այս իրավիճակի պատասխանատու է համարում նաև Հայաստանի իշխանությանը, որը տարբեր իրավական ակտերով պատասխանատվություն է ստանձնել Արցախի ժողովրդի պաշտպանության հարցում, սակայն դրսևորում է հանցավոր անգործություն:

Մասնավորապես ՀՀ Գերագույն խորհրդի 08.07.1992թ. Հ. Ն-0663-1 որոշմամբ Հայաստանը պարտավորվել է «Հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը», իսկ ՀՀ կառավարության 18.08.2021թ. N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի 1-ին կետով  խոստացել է, որ ապաշրջափակման գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին:

2020թ. պատերազմից հետո ի հակասումն 09.11.2020թ. ստորագրված եռակողմ հայտարարության պահանջների Հայաստանի իշխանության կողմից միակողմանի զիջումները (Շուռնուխի, Որոտանի ճանապարհի և այլ բնակավայրերի), ինչպես նաև ադրբեջանական իշխանության ներկայացուցիչների ծավալապաշտական հայտարարությունների ներքո թշնամասիրական, կեղծ խաղաղասիրական քաղաքականություն վարելը վնաս է հասցնում հայ ազգի բարոյահոգեբանական վիճակին՝ թշնամուն գռգռելով անցնել գործողությունների:

Ի խախտումն ՀՀ Սահմանադրության 119-րդ հոդվածի պահանջի, Հայաստանի Հանրապետության վրա 2022թ. սեպտեմբերի 13-ին զինված հարձակման ժամանակ ՀՀ կառավարությունը չի հայտարարել ռազմական դրություն, ինչը նույնպես խանգարել է միջազգային կառույցների և պետությունների ներգրավմամբ Հայաստանի ինքիշխան տարածքից ադրբեջանական ուժերին դուրս վռնդելու գործընթացին:

Հակաժողովրդավարական մեթոդներով, այդ թվում՝ ոստիկանական բիրտ ուժ կիրառելով, շինծու քրեական գործեր սարքելով, հանրությանը «տուգանքի մատերիալ» դարձնելով, այս իշխանությունը փորձում է վերացնել ազգային, հայրենասիրական կամ ազգային ինքնության պահպանման բոլոր հնարավոր դրսևորումները:

Վերոգրյալը հաշվի առնելով,

Նկատի ունենալով այն, որ Կուսակցության կողմից հնչեցվող «բանակցողին փոխելու պահանջի հրամայականը» հենց այս օրվա համար էր,

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը՝

Դատապարտում է ադրբեջանական իշխանության կողմից ցեղասպանության փորձը՝ միջազգային հանրությանը կոչ անելով լռությամբ հանցակից չլինել միջազգային հանցագործությանը.

Դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանության անգործությունը՝ կոչ անելով՝

-  վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձին՝ հրաժարական ներկայացնել հնարավորություն տալով ազգային համախմբումով ձևավորվող ուժերին երկիրը դուրս բերել այս վիճակից.

-  իշխանություններին՝ սատար կանգնել Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ հարցը հրատապ բարձրացնել միջազգային կառույցների առջև:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ